«Վերահաստատում ենք, որ Մարզահամերգային համալիրի էլեկտրոնային աճուրդը անօրինական է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով։
Համաձայն ՀՀ «ԴԱՀԿ ծառայության» և «վարչատարածքային բաժանման մասին» օրենքների, ԴԱՀԿ ծառայությունը կազմված է կենտրոնական, տարածքային (մարզային) բաժիններից, որոնց կազմում գործում են բաժանմունքներ։
Քանի որ Երևան քաղաքն ունի մարզի կարգավիճակ, հետևաբար պետք է լինի ԴԱՀԿ-ի Երևան քաղաքի բաժին և համապատասխանաբար վեց վարչական շրջանի բաժանմունք, օրինակ ինչպես ԴԱՀԿ-ի Արարատի մարզային բաժին և Մասիսի տարածաշրջանի բաժանմունք, Կոտայքի մարզային բաժին և Եղվարդի տարածաշրջանի բաժանմունք։ ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն, չի կարող գոյություն ունենալ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժին, հետևաբար՝ նրա կողմից աճուրդի վերաբերյալ որոշումը առ ոչինչ է՝ կայացման պահից։
Առ ոչինչ վարչական ակտն իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման, որը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձի համար, ում հասցեագրված է։ Վերոհիշյալ հիմքերով ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ առ ոչինչ ճանաչելու ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի որոշումը էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ»։
«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի և լրատվության պատասխանատու Լիլիա Ադունց