ԶԼՄ-ներն այնքան շեշտեցին, թե վկաներից Մարգար Օհանյանի անունը տվող չկա, մինչեւ վերջին նիստում հայտնվեցին այդպիսիք:
Խոսքը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եւ մյուսների (նրան օժանդակողների) գործի մասին է: Ըստ մեղադրանքի` Մարգար Օհանյանը չարաշահել է պաշտոնական դիրքը եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարել: Ըստ այդմ, 2009թ. հունվարից մինչեւ 2011թ. հուլիսը ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետբյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել 2.480.720 լիտր բենզին եւ հատկացվել Մ.Օհանյանին` ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար:
Բայց նախ սկսենք նախորդ դատական նիստում ցուցմունք տված վկա Եղիշե Ենգիբարյանի` դատարանին ուղղված նամակից, որը դատավորն ընթերցեց նիստի սկզբում: Եղիշե Ենգիբարյանը գրել էր, որ դատարանում տված իր ցուցմունքները կեղծ են, եւ խնդրել էր, որ դատարանը հավատա նախաքննական ցուցմունքին: Իսկ նախաքննական ցուցմունքում նա նշել էր, որ բենզինի պակասորդի վերաբերյալ իրենց բողոքներն անպատասխան են մնացել: Մինչդեռ դատաքննության ժամանակ վկան ասաց, որ ինքը քննիչին ասել է, թե «լսել է» այդ մասին, ինչն իր գրավոր ցուցմունքից դուրս է մնացել: ՃՈ նախկին պետի պաշտպան Մ.Վասակյանը միջնորդեց կրկին հարցաքննել այդ վկային, սակայն մեղադրողը դա անիմաստ համարեց, Մարգար Օհանյանը` եւս, սակայն նշելով, որ վկան դատաքննության ժամանակ կաշկանդված չի եղել, այլ կերպ ասած` դատարանում տված ցուցմունքները ճիշտ են եղել:
Մարգար Օհանյանի անունը տվող երեկվա վկան ՃՈ առաջին գումարտակի, այժմ արդեն երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանն էր: Նա ասաց, որ 2009-ի մարտ ամսին Սամվել Մախմուրյանը տեղեկացրել է, որ բենզինը պակաս է ստացվել: Նրա խոսքով` իր գումարտակին ամսական հասնում էր 33 հազար լիտր բենզին, սակայն ստացել է 27.500լ, իսկ որոշ ամիսների` նույնիսկ 23 հազար լիտր: Ըստ Արշակյանի` ինքը մի քանի անգամ դիմել է Մարգար Օհանյանին, սակայն վերջինս ասել է, որ տեղյակ է դրանից: Վկան նաեւ հավելեց, որ ինքը բենզինի կտրոնների բաշխման իրավունքից զրկել է ամբաստանյալ Սամվել Մախմուրյանին եւ այդ գործը հանձնարարել իր տեղակալ Հայկազ Մաթեւոսյանին, սակայն Մարգար Օհանյանը չեղյալ է համարել իր որոշումը:
Վկան ասաց, որ Մարգար Օհանյանը տեղյակ է եղել քիչ բենզին ստանալու եւ ավել գրելու մասին, սակայն վկան չի հարցրել վերադասին` մտածելով, որ դա ավելի ուժեղացված ստորաբաժանումներին է պետք: Մարգար Օհանյանի պաշտպանը հետաքրքրվեց, թե ինչու ոստիկանության մայոր Արշակյանը բենզինի պակասի եւ ավել գրելու մասին չի տեղեկացրել իրավապահ մարմիններին կամ պաշտոնատար անձանց, սակայն դատավորը հանեց հարցը եւ թույլ չտվեց Արշակյանին պատասխանել: Վկան ցուցմունքում նշեց, որ բենզինի պակասից ծառայության աշխատանքը չի տուժել, սակայն դասակի հրամանատարները դժգոհել են: Իսկ թե կոնկրետ ով է դժգոհել, վկան ասաց, որ չի հիշում:
Դատակոչված մյուս երեք վկաները չէին եկել դատարան: Նրանցից Արմեն Կարապետյանը գրավոր տեղեկացրել էր, որ Մոսկվայում է, Մերուժան Կարապետյանը` Սպիտակի հիվանդանոցում, իսկ Նիկողայոս Կարապետյանին ծանուցել չէր հաջողվել: Վերջինս կծանուցվի հաջորդ նիստի համար, իսկ մյուս երկուսի մասով բավարարվեցին նախաքննական ցուցմունքները հրապարակելով:
ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ՏՎԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ