Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրավոր պարտավորագիրը` Հովհաննես Թումանյանի թիֆլիսյան տունը գնելու մասին, իհարկե ցնցել է գրասեր ու մշակութասեր հասարակությանը:
Հատկապես ցնծալից տրամադրության մեջ է Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ով Թբիլիսի էր գնացել Ամենայն հայոց բանաստեղծի տան հարցերով ու վերադարձել հավանաբար ձեռնունայն, այլապես մամլո ասուլիս կհրավիրեր, կտարփողեր իր արածն ու առավել կամրապնդեր իր դիրքերը ոչ լեգիտիմ միության նախագահի պաշտոնում: Իր ֆիասկոն թաքցնելու համար էլ նա անսպասելիորեն հայտնվեց Գյումրիում, որի քաղաքապետն էլ արտասանեց՝ «Հե~յ, պարոննե՛ր, ակա՛նջ արեք թափառական աշուղիս» ու խոստացավ իր ու եղբայրների «խնայած միջոցների» հաշվին գնել Թումանյանի տունը եւ նվիրաբերել վիրահայերին:
Այստեղ, իհարկե, ծիծաղ է առաջ բերում «խնայած միջոցներ» բառակապակցությունը, քանի որ Վարդան Ղուկասյանն այսօր երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է դարձել, իսկ նրա խնայած միջոցներով հնարավոր կլինի մի ամբողջ տարի Գյումրու նման քաղաք պահել…
«Ազգային բարեգործի» տիպարն, անշուշտ, դրական լիցք կհաղորդի Վարդան Ղուկասյանի թիմին, կստիպի խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ եռանդուն աշխատել` վասն իրենց պաշտոնների, իսկ Վարդան Ղուկասյանի անունն էլ կհայտնվի մեր մեծագույն մեկենասների, ասենք` իշխանուհի Մարիամ Թումանյանի անվան կողքին: Դե, եթե իշխանուհին հոգ էր տանում Թումանյանի գրքերի տպագրության մասին, հովանավորում նրա բազմանդամ ընտանիքը, ապա «իշխան» Վարդանն էլ, ով երկար ժամանակ մտորում է Գյումրին վերանվանել Վարդանաշեն կամ Վարդանակերտ, գնում է բանաստեղծի տունը, փրկում այն եւ տալիս վիրահայերին: Վարդան Ղուկասյանը, ինչպես ինքը ցույց տվեց, չգիտի, թե ինչ արժե Թումանյանի տունը, բայց մարդը պատրաստ է վճարել: Բա որ նրա «խնայած միջոցները» չբավականացնեն տունը գնելու համար, ի՞նչ է անելու… Չէ՛, իր «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը, որի արժեքով մի հինգ բազմաբնակարան շենք կարելի էր կառուցել Գյումրու անօթեւանների համար, նա չի վաճառի: Ոչ էլ «գրավ» կդնի «Օազիս» ռեստորանը կամ էլ բազմաթիվ խանութները, որոնք կառուցել է քաղաքապետության շրջանում: Ինչ-որ տեղից «կգտնի» միջոցներ, որպեսզի իր թասիբը գետնով չտա: Եւ ոչ միայն թասիբը:
Առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, Վարդան Ղուկասյանը պատրաստվում է հերթական անգամ առաջադրվել քաղաքապետի թեկնածու, ուրեմն սրանից լավ PR ակցիա անհնար էր հորինել. ճակատագիրն իր ոտքով եկել ու բախում է Վարդան Ղուկասյանի դուռը, հո ինքը չի՞ հրաժարվելու: Մանավանդ, որ այս «աստվածահաճո» իրադարձությունն էլ տեղի է ունենում Սուրբ Սարգսի տոնի նախօրյակին. ուրեմն սրբերը հովանավորում են նրան: Դե թող հիմա «սատանաները» գան ու «աստվածընծա» Վարդան Ղուկասյանի հետ մրցակցության մեջ մտնեն: Ճիշտ է, արդեն յուրատեսակ ընտրարշավ է սկսել Սամվել Բալասանյանի որդին` Միսակ Բալասանյանը` մարդկանց բնակարաններ նվիրելով, սակայն հազիվ թե որեւէ մեկը կարողանա Վարդան Ղուկասյանից խլել քաղաքապետ լինելու մենաշնորհը: Նրա թիկունքին իշխանություններն են կանգնած, Արթուր Բաղդասարյանն է կանգնած, ով ինքն էլ հույս ունի, որ Վարդան Ղուկասյանի աջակցությամբ ձայներ կտանի Գյումրուց` չնայած Ղուկասյանը ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն է:
Անտարակույս, Թումանյանի տան ձեռքբերումը միակ նախընտրական ակցիան չի լինի, առաջիկայում Ղուկասյանը մի երկու տասնյակ ուսանողի ուսման վարձերը կտա` չասելով, որ այդ գումարները բնավ էլ իրենը չեն, այլ համայնքինը, նախընտրական մատաղներ կանի Զատիկի առթիվ` իր ենթականերից ամեն մեկից պահանջելով երկուական գառ մորթել իրենց աշխատավարձերի հաշվին, նորից պաշտոնապես կհայտարարի Ամենափրկչի շուտափույթ շահագործման մասին, ընտրությունների նախօրյակին կհամապատասխանեցնի «Քաղաքի օր» միջոցառումն ու մի քանի անճաշակ-անարվեստ արձանների բացումներ կանի, նորից հանդես կգա տեղական հեռուստաալիքներով, թուքումուր կթափի քաղաքի «չուզողների» գլխին ու Թումանյանի տան փաստը դրոշակ դարձրած` նորից կբազմի քաղաքապետի աթոռին` եւս հինգ տարով Գյումրին զրկելով զարգացման հնարավորություններից:
Վարդան Ղուկասյանն իր ելույթների ժամանակ, անշուշտ, չի ասի, որ իր քաղաքապետության շրջանում եւս երեսուն հազար մարդ հեռացել է Գյումրուց, որ այս քաղաքում աղքատ է բնակչության մոտ քառասուն տոկոսը, որ այդպես էլ չեն բարեկարգվում երկրորդական փողոցները, որ վերջին չորս տարիներին ինքը բազմապատկել է սեփական ունեցվածքը` այժմ էլ հայացք հառելով քաղաքի հին թատրոնի շենքին, որն, ըստ որոշ տեղեկությունների, արդեն իսկ նրան է պատկանում…
Կրկին վերադառնալով Թումանյանի տան թեմային` նշենք, որ այն գուցե եւ փրկվում է, բայց երկրի համար վիրավորականն այն է, որ մեծ բանաստեղծի անունն այսուհետ առնչվելու է Վարդան Ղուկասյանի անվանը` Հայաստանի ամենասկանդալային քաղաքապետերից մեկի, ով քաղաքի կրիմինալի առաջնորդներից մեկն է, օլիգոպոլիկ համակարգի ցայտուն ներկայացուցիչը: Ուրեմն, չունենք պետություն եւ կառավարություն, որ հոգ տանեին մեծ բանաստեղծի տան մասին, պետական միջոցներով ձեռք բերեին այն ու հանձնեին վիրահայ համայնքին: Կա՛մ պետությունն է չափազանց աղքատ, կա՛մ էլ երկրում բարոյականության քաղց է:
ԵՎ ԱՅՐ ՄԻ «ՍՐԲԱՑՈՂ» ԱՆՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ