ՊԱՏԱՍԽԱՆ ՊԻՏԻ ՏԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Facebook-ում ստեղծվել է նոր էջ` «Ժողովուրդն ընդդեմ Վովա Գասպարյանի». նախաձեռնության հեղինակը «Բանակն իրականում» ՔՆ անդամ Լալա Ասլիկյանն է: Նա նախաձեռնության պատին մի հատված է մեջբերել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի` ընդդեմ ոստիկանապետի հայցադիմումի պահանջից, որտեղ նշվում է, որ ՊՆ փոխնախարար եղած ժամանակահատվածում Վլադիմիր Գասպարյանի մի քանի հայտարարություններն` ուղղված «Բանակն իրականում» ՔՆ-ին, զրպարտություն են, պարունակում են վիրավորանք եւ վնաս հասցնում կազմակերպության գործարար համբավին, արժանապատվությանը եւ միաժամանակ ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած ծնողներին:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն էլ հայտարարել է. «Մեր կազմակերպությանը եւ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին վիրավորանք հասցնելու համար պատասխանող Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ նրանից հօգուտ մեր կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա»:

ՀԱՐՑ. Արժե՞ ՀՀ ոստիկանապետի դեմ նման ակցիաներ իրականացնել, նրա գործունեության հատկապես ո՞ր մասն է Ձեզ անհանգստացնում, եւ Դուք անձամբ կմասնակցե՞ք այդ ակցիային:

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայցադիմումը ոստիկանապետի դեմ չէ ուղղված. Վովա Գասպարյանը եղել է պաշտպանության փոխնախարար, ի՞նչ կապ ունի ոստիկանապետի դեմ ակցիան. եթե ինքը` որպես ոստիկանապետ, գործողություններ կկատարի, որը կբերի մարդու իրավունքների խախտման, բնականաբար դա կբերի նրան, որ ակցիաներ կլինեն եւ այլն: Հայցադիմումն արդեն տրված է եղել, եւ այդ ընթացքում են իրեն փոխել, խոսքը վերաբերում է պաշտպանության փոխնախարար եղած ժամանակ իր գնահատականներին, որը մենք գնահատում ենք որպես վիրավորանք:
ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ
իրավապաշտպան

ՊԱՏԱՍԽԱՆ. 
Բոլորի դեմ էլ արժե ակցիաներ իրականացնել, իշխանության ցանկացած ներկայացուցչի, եթե ինքը կատարել է մի բան, որն անհանգստացրել է հասարակությանը: Որքան ես տեղյակ եմ, երբ ոստիկանապետը փոխնախարար էր, բավականին կոշտ արտահայտություններով էր հանդես եկել «Բանակն իրականում» խմբի եւ առհասարակ բանակի հարցերով զբաղվող մարդկանց մասին. վիրավորական արտահայտություններով հրապարակումներ են եղել, որ նրանք հայրենիք չունեն եւ այլն: Չեմ կարծում, որ իր երկրի պաշտոնատար անձն իրավունք ունի նման ձեւով արտահայտվել իր երկրի քաղաքացիների մասին:

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
«Բանակն իրականում»
 նախաձեռնության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ.  Ես բացատրություններ չեմ տա այդ կապակցությամբ, վստահ եմ, որ մեր երկրում դատական համակարգը բաց է ցանկացած գործ քննելու համար:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ




Լրահոս