ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում hերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Ինքնաձիգով պարանոցին արձակած կրակոցով իր կյանքին վերջ է դրել 1986 թվականին ծնված Վոլոդյա Հակոբյանը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ին` ժամը 17-ի սահմաններում:  25-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները դեռեւս ճշտվում են, սակայն որոշակի տեղեկություններ կան այն մասին, թե ինչն է դրդել նրան գնալ այդ քայլին: Ոստիկանության Գյումրու բաժնից ստացված տեղեկության համաձայն` Վոլոդյա Հակոբյանը շատ պարտքեր է ունեցել, որոնք չի կարողացել վճարել, ինչի պատճառով էլ գնացել է այդ քայլին:
Նրան հայտնաբերել են Շիրակ գյուղից բավականին հեռու գտնվող Հերհերի ձորում: Այն հայտնի է նաեւ Ջարդի ձոր անվամբ: Տղայի հարազատները տեղեկացրել են, որ նա այդ վայր է հասել սեփական մեքենայով: Տանից դուրս է եկել` ոչ մեկին ոչինչ չասելով, իսկ  հետո նրա մարմինը գտել են նշված վայրում: Շիրակ գյուղի գյուղապետ Խորեն Հարությունյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ գյուղը ցնցված է կատարվածից, որովհետեւ որեւէ   մեկը չէր ենթադրի, որ Վոլոդյան կգնա նման քայլի. «Համագյուղացիների շրջանում նա հայտնի է որպես խելոք եւ դաստիարակված տղա: Ոչնչով աչքի չէր ընկնում: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր: Հիմա ոչ մեկը` ո՛չ ընկեր, ո՛չ հարազատ, չի կարող հասկանալ` ինչ է արել»:
Նշենք, որ երիտասարդը մի քանի տարի աշխատել է Շիրակ գյուղի էլեկտրական ցանցերում որպես հսկիչ: Հետո տեղավորվել է մեկ այլ աշխատանքի Ախուրյանի շաքարի գործարանում: Սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: «Նաեւ խելացի տղա էր: Թե ինչ գործերի մեջ է խրվել, չենք էլ կարող պատկերացնել»,-ասում է Շիրակի գյուղապետը:
Համագյուղացիները Վոլոդյայի պարտքերի եւ անձնական խնդիրների մասին տեղեկություններն անհավանական են համարում: Երիտասարդի ծնողները եւս  ոչինչ չեն իմացել այդ մասին: Մեր ունեցած տեղեկություններով` Վոլոդյայի ընտանիքը ֆինանսական խնդիրներ չի ունեցել: «Ծնողները սարսափելի վիճակում են: Հայրը հիվանդ է, առողջական խնդիրներ ունի: Հիմա ասում են, որ պարտքեր ուներ, մեզ ինչի՞  չէր ասում: Տուն-տեղ կծախեինք, կտայինք, ոչ թե գնար, կյանքին վերջ տար»,- տարակուսում են տղայի հարազատները:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները դիակը գտել են բերանքսիվայր վիճակում: Իսկ ինքնաձիգը եղել է ոտքերի մոտ: Հայտնի չէ, թե զենքը որտեղից է հայտնվել տղայի ձեռքում: Այս հարցի պատասխանը չունեն նաեւ ոստիկանները: Դեռեւս հարկավոր է ուսումնասիրել, թե այն գրանցված է արդյոք, կամ որեւէ մեկին պատկանում է, թե ոչ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի` ապօրինի զենք պահելու, եւ 230 հոդվածի` անձի ինքնասպանության հատկանիշներով: Սույն գործով զբաղվում է Ախուրյանի ոստիկանության քննչական խումբը:
Նշենք նաեւ, որ Շիրակի մարզի ճանապարհներն առատ տեղումների պատճառով սարսափելի վիճակում են: Շատ հատվածներ փակ են, ամենուրեք մեքենաների խցանումներ են: Երիտասարդի դին անգամ դեպքից մեկ օր անց հարազատները չեն կարողանում Գյումրու դիահերձարանից տեղափոխել Շիրակ գյուղ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս