ԿԵՂԾԻՔՆԵՐՈՎ ՀԱՓՇՏԱԿԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին դիմած  Վարդենիկ գյուղի բնակիչ Հենզել Աբրոյանը  բողոքում է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Ֆեդերիկ Բաղդասարյանից՝ վստահեցնելով, որ  վերջինս դատախազի անմիջական աջակցությամբ արդեն մի քանի տարի է, կեղծելով փաստաթղթերը  եւ չարաշահելով իր պաշտոնական դիրքը, զրկում է իրեն սեփական տնից:
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ Հենզել Աբրոյանը 1992թ-ին Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ Լյուդվիգ Գեւորգյանից ձեռք է բերել նույն գյուղի 7-րդ փողոցի թիվ 32 տան 1/2 մասը եւ տնամերձ հողամասի հետ միասին գրանցել իր դստեր` Արմինե Աբրոյանի անունով: Տունը կառուցվել է 50-ական թվականներին, որից իրենց նվեր հասած մասը կազմում է 114.3 քմ, իսկ մնացած 83.1 քմ մաս կազմող հացատունը քանդել են եւ կառուցել երկհարկանի առանձնատուն շուրջ 200 քմ մակերեսով: Հետագայում Հենզել Աբրոյանը որդուն ՆԳ համակարգում աշխատանքի տեղավորելու համար դիմել է դատախազության աշխատակից Ֆեդերիկ Բաղդասարյանին, ով խոստացել է, որ կաջակցի քաղաքացու խնդրանքին: Սակայն խնդրանքը կատարելու համար Ֆ. Բաղդասարյանի պահանջով Հենզել Աբրոյանը նրան է հանձնել իր դստեր անունով տան նվիրատվության պայմանագրի, տեխնիկական անձնագրի եւ իր անձնագրի պատճենները: «Որդիս աշխատանքի չի տեղավորվել, իսկ դատախազության աշխատակից Ֆ. Բաղդասարյանը, այնուամենայնիվ, չհրաժարվեց տան սեփականատեր դառնալու հնարավորությունից, կեղծեց փաստաթղթերը, դստերս ստորագրությունը եւ տունը գրանցեց իր աներոջ անունով: Իմ բազմաթիվ դիմում-բողոքների հիման վրա հարուցվեց քրեական գործ: Սակայն Ֆ. Բաղդասարյանը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, ֆինանսական հնարավորությունները, աջակցություն ստանալով գլխավոր դատախազությունից եւ անձամբ Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանից,  դատարաններում կարողացավ կեղծիքը անցկացնել»,-մեզ հետ զրույցում  նշեց պարոն Աբրոյանը: Նրա խոսքով`  նոտար Հերիքնազ Ղարիբյանի նախաձեռնությամբ քննչական մարմիններից թաքցրել են նոտարական սեղանամատյանը` պատճառաբանելով, թե կորել է, որպեսզի պարզ չդառնա, որ սեղանամատյանում Արմինե Աբրոյանի փոխարեն ստորագրել է Լյովիկ Սուքիասյանը:
«Քրեական գործից հետո Բաղդասարյանը հորինում է նոր սուտ, թե իբր վերոնշյալ տունը եղել է ոչ թե նվիրատվություն, այլ առք ու վաճառք: Այն դեպքում, երբ գլխավոր դատախազությունում 2008թ-ին քննվող նույն գործով Ֆ. Բաղդասարյանը հրաժարվել է, որ ընդհանրապես տեղյակ է եղել այդ գործից»,-ասում է Հենզել Աբրոյանը:
Հետագայում քննչական ծառայությունը վերջապես հաստատել է, որ փաստաթղթերն ու ստորագրությունը կեղծված են, սակայն Ֆ. Բաղդասարյանը նորից կարողացել է ջրից չոր դուրս գալ եւ ավելին, նորից ետ ստանալ իրեն չպատկանող տունը: Քաղաքացին այս առիթով դիմել է բազմաթիվ ատյանների, սակայն ապարդյուն:
«Այժմ գործը կրկին գտնվում է Վճռաբեկ դատարանում, սակայն ինձ լուրեր են հասել, որ դատարանը նորից պատրաստվում է մերժել իմ դիմումը եւ հանցագործությունների կծիկը նորից թողնել անպատիժ: Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Լ. Մելքոնյանի կողմից վերջնական չբացահայտվեց, որ կեղծ պայմանագիրը ստորագրվել է նոտար Հերիքնազ Ղարիբյանի եւ «նվիրառու» Լ. Սուքիասյանի կողմից:
Չբացահայտվեց, որ ըստ կեղծ պայմանագրի` Լ. Սուքիասյանին է անցել նույն հասցեի տակ գրանցված 113 քմ-ի փոխարեն 200 քմ նորակառույց բնակարանը, որի գրանցումը կատարել է Մասիսի կադաստրի պետ Սամվել Հարությունյանը: Միայն ավագ քննիչի կողմից բացահայտվեցին Այնթափի գյուղապետի եւ օպերատորի կատարած կեղծիքները, սակայն նրանք էլ չպատժվեցին գործի վաղեմության պատճառով: Այսպիսով` դատախազի տեղակալ Ֆ. Բաղդասարյանը ոչ միայն չպատժվեց այս հանցանքների համար, դեռ ավելին, համառությամբ շարունակում է անել իր սեւ գործը»,-վրդովված ասում է Աբրոյանը:
«Հայաստանը դու ես» կարգախոսը վերաբերում է նաեւ այս քաղաքացուն, ով նույնպես, լինելով Հայաստանի մի մասը (ի դեպ, նախորդ ընտրություններում Սերժ Սարգսյանի վստահված անձը), հույսով եւ հավատով սպասում է արդարության:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս