ԱԺ-ն մայիսի 13-ին 68 կողմ, 12 դեմ, 36 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կուտակային կենսաթոշակային օրենքի փոփոխված տարբերակը: Օրենքին դեմ քվեարկեցին ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ձեռնպահ էին, իսկ ՀՀԿ-ն կողմ քվեարկեց օրենքի փոփոխված տարբերակին:
Կենսաթոշակային օրենքի փոփոխված տարբերակն առաջարկում է քաղաքացիների կամարտահայտությունը հաշվի առնել. եթե քաղաքացին համաձայն չէ, որ իր գումարները գանձվեն, կարող է դիմում ներկայացնել գործատուին և պահանջել, որ իր աշխատավարձից գումար չգանձեն:
Սակայն, օրեր առաջ «Դեմ եմ» նախաձեռնության մանկավարժները հայտարարեցին, որ շատ կրթօջախների ղեկավարներ հրաժարվում են վերցնել իրենց աշխատակիցների դիմումները: Սրան եթե գումարենք «Դեմ եմ» նախաձեռնության կոչերը՝ ուղղված գործատուներին, որով կոչ են անում հրաժարվել աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելուց, ակնհայտ է, որ կենսաթոշակային օրենքի փոփոխված տարբերակը մնացել է թղթի վրա:
Armlur.am-ը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ ի վերջո, ինչի հասավ ՀՅԴ-ն` օրենքի փոփոխված տարբերակին ձեռնպահ քվեարկելով, եթե գործատուները շարունակում են ապօրինություններ կատարել:
Մինասյանի խոսքով` օրենքին ձեռնպահ քվեարկելը կապ չունի գործատուների ապօրինությունների հետ: «Մենք այս դեպքում գործ ունենք օրենքները չհարգող գործատուների հետ»,- ասաց Մինասյանը:
ՀՅԴ պատգամավորը հիշեցնում է` դաշնակցությունը ձեռնպահ է քվեարկել օրենքի ընդունմանը, քանի որ օրենքի փոփոխված տարբերակը համարել է քայլ առաջ, բայց՝ ոչ հարցի հիմնարար լուծում:
Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցինք` ՀՅԴ-ն ինչպես է աջակցելու այն աշխատակիցներին, որոնց դիմումները գործատուները չեն վերցնում: Մինասյանն այսպես արձագանքեց. «Թող լրատվամիջոցները բոլոր այդ դեպքերի մասին անուն առ անուն, կազմակերպություն առ կազմակերպություն հրապարակեն, որպեսզի մենք էլ՝ որպես քաղաքական ուժ, հետամուտ լինենք այդ խնդիրների լուծմանը:
Երկրորդ` եթե աշխատակիցների վրա ճնշումները համատարած լինեն, չենք բացառի «քառյակի» շրջանակներում արտահերթ նիստի պահանջով հանդես գալը, նաև՝ օրենքում նոր փոփոխություններ անելու պահանջ ներկայացնելը: Առայժմ այն արձագանքները, որոնք լսել ենք, մի բան են վկայում` աշխատակիցների հետ կապված ճնշումների առումով հարթված են այդ խնդիրները: Բայց եթե կան աշխատակիցների վրա կոնկրետ ճնշումներ, խնդրում եմ՝ փոխանցե՛ք մեզ»:
Սոնա Դավթյան