Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի կարծիքով` ԱԺ առաջիկա ընտրություններն ավելի կսրեն Հայաստանում տիրող տնտեսական ճգնաժամը: Տնտեսագետը համոզված է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը կշարունակվի նաեւ այս տարի եւ իր ազդեցությունը կունենա շատ երկրների վրա, սակայն Հայաստանում ճգնաժամ լինի, թե ոչ, միեւնույն է, այն առկա է, եւ ըստ նրա` դա զուտ իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքն է: «Մենաշնորհը, օլիգարխիան, մենաշնորհային տնտեսությունը, ահա մեր տնտեսական ճգնաժամի բուն պատճառը»,-նշում է փորձագետը: Հակառակ Հայաստանի տնտեսական քաղաքականության, ըստ Մովսես Արիստակեսյանի, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ճգնաժամից դուրս գալու համար կառավարությունը զսպում է ծախսերը, մեծահարուստներից գանձում ավելի շատ հարկեր: «Իսկ ահա մեր հանրապետության բյուջեն հաշվի չի առել հավելյալ ծախսերը զսպելու հանգամանքը: Հակառակը` 2012-ի բյուջեով Սերժ Սարգսյանն ընդունեց իրեն առընթեր էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշում` 5 անդամներով, ամսական 600.000 դրամ աշխատավարձով: Եվրոպական երկրներում, այն էլ ճգնաժամի պայմաններում, նման որոշումը քաղաքացիական ընդվզումներ կհարուցեր»,-վստահեցնում է փորձագետը եւ Հայաստանի քաղաքացիներին կոչ անում պայքարել գոնե իրենց երեխաների ապագայի համար:
ԱՎԵԼԻ ԿԽՈՐԱՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ