Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 4-ին: Ըստ ավանդության` Ս. Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփել են Համիան քաղաքում: Սակայն հետագայում Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերել է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի:
Մեր օրերում Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիսը համարվում է սիրո բարեխոս: Այս տոնի ժամանակ երիտասարդներն աղի բլիթ են ուտում եւ հույսով սպասում, որ երազում կտեսնեն իրենց կողակցին: Օրվա ավանդույթներից է նաեւ տան պատշգամբում կամ կտուրին փոխինձ դնելը, եւ եթե դրա վրա հայտնվի սուրբ զորավարի նժույգի պայտի հետքը, ապա տան անդամները երջանիկ են լինելու, տան աղջիկը (տղան) ամուսնանալու է: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այդ օրը Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչեւ երեկոյան ժամը 21:00-ն: Փետրվարի 4-ին Ս. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի սուրբ պատարագ, որից հետո կտրվի երիտասարդների օրհնության կարգ:
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ` ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍԵԴԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ