ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին եւ ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անդամներին բաց նամակ է հղել` հայտարարելով, որ ինքը հավանաբար չի մասնակցի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումներին, եթե դրանք անցկացվեն Ադրբեջանում: «Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը եւ մեր երկրների միջեւ գոյություն ունեցող մշտական լարվածությունն անհնար են դարձնում իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որեւէ բարձրակարգ մրցաշարի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տիպի պատասխանատու մրցաշարերին մասնակիցներից պահանջվում է հոգեկան անդորր եւ ուժերի արտակարգ կենտրոնացում, ոչ շախմատային հանգամանքները կարող են խանգարել  գրոսմայստերին ցուցադրելու այն ամենն, ինչին նա ընդունակ է: Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որեւէ անձնավորության համար: Բոլոր մասնակիցները պետք է գտնվեն հավասար պայմաններում, ինչն անհնար է հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու դեպքում: Անվտանգության երաշխիքներն ու ցանկացած տեսակի լրացուցիչ աջակցությունը չեն կարող օգնել իրավիճակին:
Հաշվի առնելով վերոհիշյալը` տեղեկացնում եմ ձեզ, որ ես հաճույքով կմասնակցեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին աշխարհի ցանկացած այլ երկրում, բայց իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցաշարին բացառվում է»,-իր բաց նամակում նշել է գրոսմայստերը:




Լրահոս