ՀԱՐՑ. Լսել եմ, որ փետրվարի 1-ից Գնահատման եւ թեստավորման կենտրոնը սկսել է կենտրոնացված քննությունների հայտագրման գործընթացը: Կխնդրեի մի փոքր մանրամասնել, թե ինչ փոփոխություններ եւ նորություններ կան այս տարի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Գնահատման եւ թեստավորման կենտրոնն ընթացիկ տարվա փետրվարի 1-ից սկսում է միասնական եւ կենտրոնացված քննությունների հայտագրման գործընթացը: Իսկ մարտի 15-ից կմեկնարկի տվյալների բազավորման եւ ճշգրտման փուլը, որը կշարունակվի մինչեւ ապրիլի 10-ը: Ճշգրտման փուլի ընթացքում շրջանավարտն իրավունք ունի հրաժարվել քննությանը մասնակցելուց, փոխել արդեն ընտրված քննական առարկան, դրանից հետո միայն ԳԹԿ-ն կսկսի քննական կենտրոնների ձեւավորման աշխատանքներ, շրջանավարտների բաշխում իրականացնել եւ այլն: Այս օրերին Հայաստանի դպրոցների տնօրենների հետ անցկացնում ենք սեմինար-քննարկումներ` հայտավորումների հետ կապված իրազեկման անհրաժեշտությունից ելնելով: Այս տարի մի շարք փոփոխություններ են իրականացվել շրջանավարտների դիմում-հայտի տեքստում: Դպրոցում հայտը լրացնելիս շրջանավարտը միասնական քննությունների հետ մեկտեղ նշելու է նաեւ, թե ինչ բանավոր քննություններ է հանձնելու: Բացառություն են կազմում ներբուհական քննությունները, որոնք դեռեւս չեն հայտագրվում:
Բուհական ընդունելության միասնական եւ կենտրոնացված օտար լեզուների քննությունների ցանկում փոփոխություն է կատարվել: ՀՀ կառավարության կողմից հաստատված քննությունների ցանկում մյուս օտար լեզուների կողքին ավելացել է նաեւ ռուսաց լեզուն: Նախկինում օտար լեզու ընդհանուր անվանումը կրող քննությունների ցանկում ընդգրկված էին անգլերենը, գերմաներենը, ֆրանսերենը, իսպաներենը եւ իտալերենը, ռուսաց լեզուն այդ թվում չէր: Այժմ դիմորդը եթե ցանկանում է ընդունվել իրավագիտության ֆակուլտետ, անգլերենի փոխարեն կարող է հանձնել ռուսաց լեզվի քննություն:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տպավորությունն այնպիսին է, թե բարեփոխումները կրթական համակարգում պարզապես կանգ չեն առնում: Հուսանք, որ թվարկված փոփոխությունները նույնպես համակարգի կատարելագործմանն են միտված, իսկ վերեւում ներկայացված տեղեկատվությունը նպաստելու է դիմորդների իրազեկվածության մեծացմանը: