«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 29-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում մահափորձ էր իրականացվել հայ գործարար Վիկտոր Կատանյանի ու նրա կնոջ` ձեռնարկատեր Պոլինա Յարմոլինսկայայի նկատմամբ, ինչի հետեւանքով գործարարը մահացել էր, իսկ նրա կնոջը տեղափոխել էին հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել էր սպանություն իրականացնողին, ով եղել էր 51-ամյա Սերգեյ Տելենինը:
Ըստ տեղեկությունների՝ կատարվածը կապ ունի անշարժ գույքի գործարքի հետ: Եվ այսպես, գործարարի սպանության մասին, Ռուսաստանի Դաշնության իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մարդասպան Սերգեյ Տելենինը բազմիցս հայտարարել էր, որ կսպանի գործարարին, եթե նա չդադարի իր ապօրինի գործողությունները: Բանն այն է, որ մեզ հասած տեղեկություններով՝ հայ գործարարն անօրինական ճանապարհով Սերգեյ Տելենինի մորից վերցրել է մի շինություն, որի հարցի կարգավորումն անգամ հասել է դատարան, սակայն Տելենինը չի սպասել հարցի կարգավորմանը եւ անձամբ է փորձել գործարարից վրեժխնդիր լինել: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ այդ օրը մարդասպանը հարսանեկան խնջույքի է մասնակցել, որից հետո, թողնելով խրախճանքը, շտապել է իրականացնել իր մտադրությունը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՌԴ Քր. օր.-ի 105 հոդվածի հատկանիշներով, այն է` սպանություն»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: