«Ռուսաստանը կանի ամեն ինչ` Ադրբեջանին միության անդամ դարձնելու համար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նման սպառնալիք 23  տարվա ընթացքում չի եղել: Եվրասիական տնտեսական միության հետ կապված բոլոր գործընթացները վտանգ են ներկայացնում Հայաստանի համար»,- այս պահին ընթացող քննարկման ընթացքում կարծիք հայտնեց «Համաձայնություն» կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը, հավելելով, որ Հայաստանը դառնում է Ռուսաստանի բացարձակ տիրապետության տակ գտնվող կազմակերպության մաս:

Խոսելով արդեն Աստանայում օրեր առաջ տեղի ունեցածի և Նուրսուլթան Նազարբաևի ընթերցած նամակի և հայտարարության մասին՝ Շահնազարյանն ասաց, որ ուղղակիորեն չպետք է կենտրոնանանք այդ ամենի վրա, քանի որ Նազարբաևն ասել է այն, ինչ իրեն հանձնարարել են:

«Ռուսաստանը ցանկանում էր քաղաքական միություն ստեղծել, սակայն դա չի կատարվել: Սա Պուտինի տապալումն էր, քանի որ տնտեսական միություն ստեղծվեց: Հայաստանի իշխանություններն ասում էին, որ մենք պետք է հիմնադիր անդամ դառնանք, սակայն դա չեղավ, և շատ հարցեր Հայաստանը չի լուծելու», – նշեց նա:

Շահնազարյանը հայտնեց, թե շատ լուրջ քայլեր են արվում, որ Ադրբեջանը նույնպես անդամակցի այդ միությանը:

«Եվ այստեղ Ռուսաստանը պատրաստ է զիջել ամեն ինչ, միայն թե վերջինս վճարի այն գինը, որը կպահանջի Ադրբեջանը: Այդ միությունում մենք սուբյեկտ չենք, այլ՝ ընդամենը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու գործիք», – ընդգծեց «Համաձայնություն» կենտրոնի նախագահն ու հավելեց, թե Ռուսաստանի միակ նպատակն է վերահսկողություն սահմանել և խաղաղապահների անվան տակ տեղակայել ռուսական զորքեր մեր սահմանին:




Լրահոս