«Սերժ Սարգսյանը պայքարում է իր իշխանության պահպանման համար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի շահի մասին բազմիցս խոսվել է: Երևի հարուստ պետություն է, և իրենց շահը հասկանալի է: Ես այս ամբողջ ընթացքում փորձել եմ հասկանալ Հայաստանի շահը, բայց չեմ կարողացել հասկանալ, թե Սերժ Սարգսյանն ինչպես է պաշտպանում Հայաստանի շահը: Այսօր կայացած քննարկման ընթացքում այս մասին նշեց «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:

«Ամբողջ խոսակցությունների տողատակին անվտանգության հարցն էր և Արցախի` մեզ համար բարենպաստ ինչ-որ լուծումներ: Երկու օր պահանջվեց, որ Սերժ Սարգսյանը մտածի և ասի, որ համաձայն է Նազարբաևի հայտարարության հետ: Նա այնտեղ լռեց, բայց, դու մի ասա, մարդը համաձայն է, բայց չի համարձակվել ասել, որ Արցախն ու Հայաստանը զատ են, և նրա համար կապ չուներ, որ իր կուսակիցներն այլ կարծիք էին հայտնել: Վերջիններս երեկ ստիպված իրենց խոսքերն էին ծամածռում, որ դուրս գային այս իրավիճակից», – նշեց նա:

Բարսեղյանի խոսքով` չկա այն ճանապարհային քարտեզը, որը կբերի Ղարաբաղի հարցի խաղաղ լուծմանը: Նա նշեց, թե Սերժ Սարգսյանը պետք է հանրությանը բացատրի, թե ինչ միջոցներով են լուծվելու այդ խնդիրները:

«Հայաստանն արտաքին քաղաքականություն չունի: Սերժ Սարգսյանը, կարծես թե, պայքարում է իր իշխանության պահպանման համար: Մենք համոզվում ենք, որ արտաքին քաղաքականություն՝ որպես էդպիսին, չունենք: Դա ապացուցում է նաև պետական պաշտոնյաների չմասնակցելն այս միջոցառմանը: Մենք պատշաճ կերպով բոլորին հրավիրել էինք, սակայն նրանք չեկան»,- եզրափակեց նա::




Լրահոս