Այսօր մեկնարկել են 2014 թվականի միասնական ընդունելության քննությունները: Այդ կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի պետական համալսարան՝ հանդիպելու «Կենսաբանություն» առարկայից միասնական քննություն հանձնող դիմորդներին և ծանոթանալու քննության անցկացման ընթացակարգին: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվության վարչությունից: Երկրի վարչապետը հաջողություն է մաղթել երեխաներին և ընդգծել, որ արվելու է ամեն ինչ՝ արդարություն ապահովելու համար:
«Մեր նպատակն է արդար մրցակցություն ապահովել: Մենք վերահսկելու ենք, որ ամեն ինչ լինի օրենքի շրջանակում: Ով գիտելիք ունի, մեզ մոտ բարձր գնահատական ունի: Մաղթում եմ, որ ձեր գիտելիքներն ազատ, համարձակ ցուցաբերեք և հաջողության հասնեք», – նշել է Կառավարության ղեկավարը: Այնուհետև Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ և ուսանողների մասնակցությամբ բացվել են 2014 թ. «Կենսաբանություն» առարկայի միասնական քննության թեստերի փակ ծրարները:
Մոտենալով քննական շենքի բակում հավաքված ծնողներին՝ վարչապետը համբերություն է մաղթել նրանց և հորդորել ցանկացած մտահոգության, անարդարության պարագայում անհապաղ հայտնել իրեն:
Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ այդպիսի դեպքերի արձանագրման ժամանակ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը կարևորել է պետության կողմից քննական գործընթացում արդարության ու թափանցիկության ապահովումը, ինչը թույլ կտա ազնիվ և արդար մրցակցության պայմաններ ստեղծել: Պետության նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր ուսանող կրթություն ստանալու հնարավորություն ունենա՝ անկախ սոցիալական պայմաններից: