Այսօր տեղի ունեցավ «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» թեմայով քննարկումը, որի կազմակերպիչը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպությունն էր:
Հանդիպմանը հրավիրված են եղել ՀՀ պետական պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Սակայն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ասաց, որ, ինչպես այլ նման քննարկումներին, այս քննարկմանը ևս իշխանությունները չեն ներկայացել, և, հետևաբար, հակառակ տեսակետ չի լինելու:
«Ցավոք սրտի, ինչպես միշտ իշխանության ներկայացուցիչները չկան: Իմ կարծիքով՝ նրանք ինքնուրույն կարծիք չունեն, որովհետև չգիտեն, թե ինչ է մտածում առաջին դեմքը: Եթե իրենց կարծիքն էլ ունենան, վախենում են հայտնել, որովհետև կկորցնեն իրենց աշխատանքը: Դրանում ես համոզված եմ», – ասաց նա:
Հայտնենք, որ քննարկմանը որպես բանախոսներ մասնակցել են «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և այլք: