«Կանազի» գործով դատական նիստին պաշտպանը կրկին չէր ներկայացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար «Կանազի» գործով դատական նիստը` դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:

Նիստը, սակայն, կրկին հետաձգվեց պաշտպաններ Գագիկ Մալխասյանի և Մարինե Թովմասյանի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ ևս նիստը հետաձգվել էր պաշտպան Մարինե Թովմասյանի բացակայության պատճառով:

Ինչպես հայտնեց նիստերի քարտուղարը, պաշտպանները ծանուցագիր են ներկայացրել այն մասին, որ չեն կարող ներկայանալ նիստին աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:

Այսպիսով՝ դատարանը որոշեց նիստը հետաձգել, և այն նշանակվեց հունիսի 10-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա  նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային հոսպիտալում տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով զինծառայողներ 1988 թվականին ծնված Ռազմիկ Մանուկյանի և 1993 թվականին ծնված Արշակ Թորոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի առաջին մասով:

1994 թվականին ծնված Դավիթ Մարկոսյանի մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358 հոդվածի 3 մասի 1 և 2 կետերով, իսկ 1994 թվականին ծնված Գարեգին Դանիելյանին` ՀՀ ՔՕ 359 հոդվածի 1 մասով և 363 հոդվածի 1 մասով:

Տեղեկացնենք նաև, որ մամուլում զինծառայողների ծնողների կողմից տեղեկություններ տարածվեցին, թե հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, հոսպիտալի ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը, հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը ծեծել են զինծառայողներին, սակայն դրանք ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի կողմից հերքվել են:

Տաթև Հարությունյան




Լրահոս