«Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագրով հանրային քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ «Թրանսփարենսի Ինտերնեյշնլ» ՀԿ ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
«Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 29-ին և դրան նախորդող ժամանակահատվածում, մեր անվտանգության հետ կապված հարց է: 3 տարուց ավելի բանակցություններ էին ընթանում ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ, բոլորը հայտարարում էին, որ եվրաասոցացումը պետք է նախաստորագրվի, սակայն այդ տարբերակը վերացավ: Բերվեց մեկ փաստարկ՝ անվտանգության հարցը»,- ասաց Հոկտանյանը:
Անդրադառնալով մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցածին՝ Հոկտանյանը նշեց, որ իր կարծիքով, այն սեպտեմբերի 3-ին ասվածը կասկածի տակ դրեց, քանի որ Եվրասիական տնտեսական միության մեջ մտնելը չի ապահովում ԼՂՀ անվտանգությունը:
Նա նաև նշեց, որ հասարակության մեջ ապատիա կա, և առաջին հերթին պետք է հասարակության ապատիան վերացնել:
«Սեպտեմբերի 3-ը ինստիտուտների չգոյության, թերզարգացության հետևանք է: Թերզարգացածությունը կար նաև այն ժամանակ, երբ եվրաասոցացման բանակցություններն էին ընթանում: Ես շատ վատ էի վերաբերվում այն փաստին, երբ մեզ մոտ ընտրություններ էին կեղծվում, բայց եվրոպական դիտորդները քայլեր չէին ձեռնարկում, դրա համար ոչ միայն մենք, այլ նաև իրենք հայտնվեցին կոտրած տաշտակի առաջ»,- ասաց Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով, որ տաշտակը վերանորոգելու համար նոր գործընթաց պետք է սկսել: