Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը ներկայացրել էին օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ առաջարկում էին «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը:
Սակայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագիծը թերի է, այն համակարգային առումով չի ապահովում իրավական անվտանգությունը և ընդունելի չէ: Միաժամանակ հայտնում են, որ ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
ՕԵԿ-ն իր առաջարկության մեջ նշում է. «Հիմք ընդունելով կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչի հակասահմանադրական լինելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, նկատի ունենալով հասարակության դժդոհությունը պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված, ինչպես նաեւ մի շարք երկրների փորձը, ըստ որի լրացուցիչ կենսաթոշակները վճարվում են կամավոր կուտակային կենսաթոշակների սխեմայով, միևնույն ժամանակ կարևորելով կուտակային կենսաթոշակների համակարգի դերը, որը հնարավորություն է ստեղծում կենսաթոշակային տարիքում, պետական կենսաթոշակներից զատ լրացուցիչ գումարներ ստանալուն, առաջարկում ենք կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի նախագծից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը եւ վճարումներ կատարել կամավորության սկզբունքով»:
Կառավարության որոշման եզրափակիչ դրույթներում նշված է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: Ինչպես նաև սույն օրենքի ընդունման օրվանից դադարեցվում է պարտադիր կուտակային կենսաթոշակների վճարումները:
«Այն մասնակիցները, ովքեր ցանկանում են կամավորության սկզբունքով շարունակել կուտակային կենսաթոշակների վճարումները, կնքում են նոր պայմանագրեր, իսկ այն մասնակիցները, ովքեր չեն ցանկանում կամավորության սկզբունքով շարունակել կուտակային կենսաթոշակների վճարումները, մեկամսյա ժամկետում կատարվում է նրանց վճարումների վերջնահաշվարկ, մինչեւ 2015 թվականի հունվարի 31-ը հետ է վերադարձվում նրանց կողմից պարտադիր կուտակային վճարները»,- ասված է Կառավարության որոշման մեջ: