ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կա կոնկրետ կուսակցություն, որը երբեք ինքնուրույն չի մասնակցել ընտրություններին ու  չի էլ պատրաստվում: «Մենք նպատակ չունենք իշխանության գալ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար Սերգեյ Մելքումյանը:«Արցախ-Հայաստան» կուսակցության նախագահի հետ հանդիպեցինք ոչ թե իրենց կենտրոնական գրասենյակում, այլ Հայաստանի պետական Տնտեսագիտական համալսարանի` տնտեսական աշխարհագրության ամբիոնում, որի վարիչը պարոն Մելքումյանն է: Նրա խոսքերով` «Գրասենյակը ժամանակավորապես գտնվում է իմ բնակարանում` Մարտիրոս Սարյան 2 հասցեում, քանի որ մեր կենտրոնական գրասենյակը, որը գտնվում է Մոսկովյան 11 հասցեում, վերանորոգման-սեփականաշնորհման գործընթացի մեջ է: Այն նախկինում եղել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչական շենքը»: Մեր զրուցակիցը նշեց, որ կուսակիցներն այժմ միմյանց հանդիպում են Տնտեսագիտական համալսարանի 4-րդ հարկում:Եւ մինչ մեր զրույցը, Մելքումյանը ճշտեց, թե որ բուհն ենք ավարտել: Իմանալով, որ մասնավոր բուհի շրջանավարտ ենք, իր հեղինակավոր կարծիքը հայտնեց, թե էդ համալսարանն ավարտողներն «ի՞նչ լրագրող» (Դասախոս-լիդերը հավանաբար մոռացել էր, որ աշխարհին հայտնի «Քեմբրիջը» եւս մասնավոր է):Ինչեւէ, կուսակցության լիդերից տեղեկացանք, որ «ԱՀ-ն մտավորականների, գիտնականների կուսակցություն է, ոչ մի բիզնես չունենք եւ երբեմն ֆինանսների  բացակայության պատճառով խոշոր միջոցառումներ չենք կազմակերպում»: Սերգեյ Մելքումյանը հայտարարեց, որ իրենք առաջիկա ԱԺ ընտրություններին չեն մասնակցելու. «Մենք ժամանակին մասնակցել ենք դաշինքով` Գեղամյանի հետ, բայց հիմա չենք մասնակցելու, եւ մեր նպատակը իշխանության գալը չի, պաշտոններ զբաղեցնելը չի, մեր նպատակն Արցախի հարցն է, դրան ճիշտ լուծում տալն ու աջակցելն է»: Իսկ այդ ամենին հասնելու համար պարոն Մելքումյանի խոսքերով. «Հանդիպումներ ենք ունենում տարբեր դեսպանների  հետ, հոդվածներ ու գրքեր ենք գրում Արցախի վերաբերյալ»:  ԱՀ-ն ստեղծվել է 1988-ին, բայց որպես կուսակցություն` գրանցվել է 1991 թվականին: Կուսակցության նախագահն ասաց, որ 1700 անդամ ունեն եւ մեծ հոսք (նկատենք, որ «Կուսակցությունների մասին» վերջերս փոփոխված օրենքը պարտադիր է համարում 2 հազար անդամի առկայությունը): Պարոն Մելքումյանից հետաքրքրվեցինք, թե իրենք քաղաքական դաշտի ո՞ր բեւեռում են գործունեություն ծավալում. «Մեր կուսակցությունն  այսօրվա դրությամբ չեզոք դաշտում է գտնվում, ու այդ ամենին զուգահեռ, բռնել է  օբյեկտիվության ուղին, մենք ասում ենք միմիայն ճշմարտությունը»: ՍՈՆԱ  ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս