Ինչպես արդեն երեկ հայտնել էինք, ԱԺ էթիկայի հանձնաժողովի դռնփակ նիստում որոշում էր կայացվել, ըստ որի՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս) խախտել է էթիկայի կանոնները: Այս մասին լրագրողներին հայտնել էր էթիկայի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Անձամբ Մովսիսյանը հանձնաժողովի որևէ նիստի չի ներկայացել, փոխարենը՝ երեկ հայտարարել էր, թե ինքն իր արածից չի փոշմանում, և հավելել, որ եթե լրագրողներն իրենց լավ պահեին, նման վերաբերմունքի չէին արժանանա:
Էթիկայի հանձնաժողովի կողմից կայացված որոշումը պետք է առաջիկա քառօրյայի ընթացքում բաժանվի պատգամավորներին:
Նշենք, որ էթիկայի հանձնաժողովի որոշումներն իրավական որևէ հետևանք չեն ունենում: Այստեղ հետաքրքիրն այն է, որ նշված որոշումը նույնիսկ բարձրաձայն չի ընթերցվելու խորհրդարանի նիստում:
Փաստորեն, այս հանձնաժողովի գործունեությունը սահմանափակվում է միայն որոշումներ կայացնելով: Նրանք չեն կարող էթիկայի կանոնները խախտած անձին գոնե պարտադրել ներողություն խնդրել:
Դա էլ նշանակում է, որ բազմաթիվ անգամ ոչ ճիշտ պահվածքով աչքի ընկնող Շմայսն այսուհետ նույնպես խորհրդարանում շարունակելու է իրեն նման կերպ պահել, լրագրողների հետ նման բառապաշարով խոսել, առավել ևս՝ նիստերին ներկայանալ հարբած վիճակում: Հանձնաժողովի եզրակացությունը նման կարծիք հայտնելու հիմքեր լիովին տալիս է: Դա էլ նշանակում է, որ նա կրկին փորձեր կանի լրագրողներին վիրավորելու:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից հետո խորհրդարանի դահլիճում գտնվող չորս լրագրող լուռ ակցիա էր իրականացրել` պաստառներ պարզելով: Լրագրողների բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացականչել էր. «էս կապիկներին էլ հանե՛ք ստից»: