Սերժ Սարգսյանը թքած ունի սեփական թիմակիցների հեղինակության վրա. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` շաբաթ օրը Սերժ Սարգսյանն, ի վերջո, հարկ համարեց  անդրադառնալ առանց Ղարաբաղի ՄՄ-ին անդամակցելու` մայիսի 29-ին Աստանայում հնչեցված պահանջին: Ընդ որում, դա արվեց չորրորդական նշանակության մի միջոցառման ընթացքում` գուցե թե այդպիսով փորձելով նաև  ցույց տալ, թե որքանով են ՀՀ իշխանությունները  կարևորում Նազարբաևի հայտարարությունը:

Սակայն այն, ինչ ասած Սարգսյանը` առաջին հերթին ի ցույց դրեց, թե որքանով են ՀՀ իշխանությունները կարևորում սեփական  հայտարարությունները:

Հիշեցնենք` անդրադառնալով Նազարբաևի հնչեցրած պայմանին` Սարգսյանն ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»:

Դժվար է հավատալ, որ Ս. Սարգսյանը տեղյակ չէ սեփական թիմի  ներկայացուցիչների՝ բազմիցս հնչեցրած հայտարարություններին, որ Հայաստանը և  Ղարաբաղը որպես մեկ միասնական տնտեսական տարածք են ներառվելու Մաքսային միության  կազմում:

Այդօրինակ հայտարարությունների` արդեն քանի ամիս շրջանառվող տարափում ամենաթարմը Սարգսյանից ընդամենը մեկ օր առաջ ՀՀԿ փոխխոսնակ Է. Շարմազանովի արած հայտարարությունն էր. «Հայաստանը և  Ղարաբաղը մեկ միասնական տարածք են: Դա այդպես է և այդպես էլ կմնա, սա անհերքելի է»: Փաստորեն` ընդամենը մեկ օր անց Ս. Սարգսյանը հերքեց  այն, ինչը  ՀՀԿ պաշտոնական դիրքորոշումը ներկայացնող մամուլի խոսնակի ներկայացմամբ`»անհերքելի» էր:

Դրանից ընդամենը երկու շաբաթ առաջ էլ Հովիկ Աբրահամյանն էր նման մի»անհերքելի՚ հայտարարություն արել` վստահեցնելով. «Մեկ տարածք ենք մենք լինելու,  որևէ այլ ձևակերպում այդ հարցում չի կարող լինել»:

Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի`Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում արած հավաստիացմանը,  թե` Ղարաբաղը համարվում է Հայաստանի սահմանային տարածք: Ոնց որ այսօր է  ներմուծում կամ արտահանում, նույն ձևով էլ կլինի այն ժամանակ: Պրոբլեմներ չեն առաջանա», և կամ այլ ՀՀԿ-ականների`  Արտակ Զաքարյանի, Գագիկ Մինասյանի պնդումներին, ապա դրանք, թերևս, ավելորդ է հիշեցնել՝ զուտ այն պատճառով, որ նրանց խոսքերը որևէ արժեք չունեն` նախ և առաջ Սերժ Սարգսյանի համար, որն իր դիվանագիտական «լյապսերը» մշտապես  փորձում է լղոզել` թքած ունենալով սեփական թիմակիցների հեղինակության  վրա:

Ու, թերևս, ՀՀԿ-ականները լավ կանեին` մտածեին, թե այդ ինչպես է պատահում, որ Ս. Սարգսյանը մշտապես իրենց դնում է հիմար վիճակում` այնպիսի հայտարարություններ  անելով, որոնց  հակառակը  պնդելու` Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգը կատարելու համար իրենք ջանք ու եռանդ չեն խնայում:




Լրահոս