Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանն ընտրվելու օրվանից մինչ այսօր չի կարողանում ավագանու անդամներին իր կողմը գրավել և կյանքի կոչել իր ուզած որոշումները: Հերթական անգամ, երբ ավագանու նիստում քննարկվել է 1300 քմ հողատարածքը աճուրդի հանելու հարցը, ավագանու անդամները 7 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ թույլ չեն տվել հողատարածքի աճուրդը:
Armlur.am-ի հետ զրույցում ավագանու անդամ Արմենակ Սարգսյանն ասաց, որ անթույլատրելի է այդ հողատարածքում գազալցակայան կառուցելը, քանի որ գազալցակայանը կառուցվելու է քաղաքի մեջ` մարդաշատ վայրում: Աճուրդի հանված հողատարածքից քիչ այն կողմ կառուցվում է մարզադպրոց, որի շինաշխատանքները, ըստ Ա. Սարգսյանի, կդադարեն, եթե գազալցակայանը կառուցվի:
Ինչ վերաբերում է Արմեն Անտոնյանի և ավագանու անդամների միջև առկա տարաձայնություններին, ավագանու անդամի խոսքով` անձնական որևէ խնդիր ավագանու անդամները քաղաքապետի հետ չունեն: «Հիմնական տարաձայնությունները, որ եղել են քաղաքապետի հետ, առնչվել են հողատարածքներին, սեփականաշնորհումներին, համայնքի ենթակայության տակ գտնվող շենքերի օտարմանը: Բոլոր նման դեպքերում ավագանին ասել է իր հստակ «ոչ»-ը»,- հիշեցնում է ավագանու անդամը:
Արմենակ Սարգսյանի խոսքով` քաղաքապետ Արմեն Անտոնյանն իր թիմը չի ձևավորել, իրեն համախոհներով չի շրջապատել, ինչը ճիշտ է համարում ավագանու անդամը, քանի որ գոյություն ունեցող ավագանին հակակշիռ է քաղաքապետին: «Նման ավագանի ես առաջին անգամ եմ հանդիպում. ճիշտ հարցադրումներ է առաջ քաշում և գտնում ոսկե միջինը»,- մանրամասնեց պարոն Սարգսյանը` հավելելով, որ քաղաքապետը հաշվի է նստում ավագանու հետ:
Արդյոք գազալցակայան կառուցելու հարցը կարելի է փակված համարել, եթե հաշվի առնենք, որ հողատարածքի աճուրդի հարցը տապալվեց ավագանու վերջին նիստում: Արմենակ Սարգսյանի տեղեկացմամբ` եթե արտահերթ նիստ լինի, հնարավոր է` նորից հարցը շահարկվի: «Բայց կոնկրետ իմ դիրքորոշումը չի փոխվի, ես դեմ եմ լինելու գազալցակայանի կառուցմանը: Պետք է հասկանալ, որ գազալցակայանը պետք է կառուցել ազատ տարածքում, որտեղ անվտանգության հարցերը ևս լուծված կլինեն: Լարվածությունը նորից կավելանա, ավելին` արդեն ժողովուրդը կըմբոստանա, եթե հանկարծ հարցը նորից քննարկման դրվի»,- եզրափակեց պրն. Սարգսյանը:
Փորձեցինք զրուցել նաև Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ հեռախոսով հարցերի չի պատասխանում: «Ես ձեր հարցերին կպատասխանեմ՝ ձեր աչքերի մեջ նայելով»,-ասաց քաղաքապետը:
Սոնա Դավթյան