Փետրվարի 12-ին Հայաստանի 9 մարզերի 39 համայնքներում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Գալիք խորհրդարանական ընտրությունները «հեղափոխական», «որակապես այլ» կամ «աննախադեպ թափանցիկ» անցկացնելու խոստումներ տված իշխանությունների համար այս ընտրությունները հրաշալի հնարավորություն են` ցույց տալու իրենց մտադրությունների անկեղծությունն ու տրված խոստումների իրական արժեքը: Ասել է թե` եթե փետրվարի 12-ի ընտրություններն առանց կեղծիքների, բռնությունների եւ լցոնումների անցնեն, ապա կարելի է հուսալ, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւս կարող են լինել նախորդից լավը: Այս պահի դրությամբ, սակայն, նման լավատեսության համար հիմքեր գրեթե չկան: Հանրապետության 39 համայնքներում առաջադրված թեկնածուների գերակշիռ մասն իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են: Ու թեեւ նոր օրենսդրությամբ ընտրությունների ժամանակ մրցակցությունը պարտադիր է, համայնքների մեծ մասում առաջադրված հիմնական հանրապետական թեկնածուների հետ մրցակցում են նրանց իսկ տեղակալները, ընկեր-բարեկամները` զուտ ձեւականորեն ապահովելով օրենքով պահանջվող մրցակցությունը:
Ինչպես եւ նախկինում, այս անգամ եւս քաղաքական կուսակցությունների մեծ մասը բացարձակ անտարբեր է ՏԻՄ ընտրությունների հանդեպ: Անգամ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների մասնակցությունն այս ընտրություններում խիստ սիմվոլիկ է. ԲՀԿ-ն առաջադրել է ընդամենը 3 թեկնածու, որոնցից երկուսը` այդ կուսակցության ազդեցության տիրույթը համարվող Կոտայքի մարզի Հատիս եւ Սեւաբերդ համայնքներում, իսկ մեկը՝ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում: «Օրինաց երկիր»-ն էլ երեք թեկնածու ունի իր ազդեցության տիրույթը համարվող Շիրակի մարզի Տուֆաշեն, Գեղանիստ եւ Նահապետավան համայնքներում: Իսկ ՏԻՄ ընտրություններում ավանդաբար ակտիվ Հայ հեղափոխական դաշնակցությունն այս անգամ բավարարվել է՝ ընդամենը մեկ թեկնածու առաջադրելով Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում: Նշենք, որ 39 համայնքներից ընդամենը 3-4-ում է, որ գոյություն ունի միջկուսակցական մրցակցություն: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում քաղաքական ուժերը խուսափում են իրենց ծրագրերի իրագործումը սկսել իշխանության ներքին օղակներից` կա՛մ դա չկայացած ՏԻՄ համակարգի պայմաններում անհնար համարելով, կա՛մ էլ պարզապես իրականում նման ծրագրեր չունենալով:
Ամեն դեպքում փետրվարի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում հատկապես կարեւորվում են Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ միմյանց դեմ պայքարում են նախկին քաղբանտարկյալ, անկուսակցական Սասուն Միքայելյանը եւ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը: Հատկապես այս ընտրությունների ընթացքը եւ արդյունքը որոշիչ նշանակություն կունենան թե՛ գալիք ԱԺ ընտրությունների մթնոլորտի, թե՛ ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի հեղինակության առումով:
ՓՈՐՁԱՔԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ