«Սերժ Սարգսյանն առայժմ իր դիմաց ուժեղ ընդդիմություն չունի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:
-Պարո՛ն Բագրատյան, ՀՀԿ-ի ներսում տեսասկավառակներ են պտտվում, թե ինչքան լավ է աշխատել Տիգրան Սարգսյանը, եւ հենց նրա գործունեության հիման վրա էլ ՀՀԿ-ն պետք է քարոզարշավ անի: Ձեր կարծիքով, ի՞նչ հաջողությունների է հասել գործող կառավարությունը:
-Վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը եկել է իշխանության Սերժ Սարգսյանի ծրագրով, եւ նախատեսում էին 5 տարում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ավելացնել երկու անգամ, որ պիտի արտադրության ծավալներն ավելանան, որպեսզի մարդիկ լավ ապրեն: 2008-ին՝ 6,8 տոկոս աճ, 2009թ.` անկում` 14,5 տոկոս: Ստացվեց մինուս 7,7: 2010թ. իրենք հայտարարել էին 2,6, իսկ համաշխարհային բանկը` 1 տոկոս: Մինուս 7,7-ը դարձավ 6,7 տոկոս: 2011 թիվ` 5,9 տոկոս: Այսինքն` Տիգրան Սարգսյանի 4 տարվա վարչապետության օրոք հանրապետության ՀՆԱ-ն պաշտոնական թվերով պակասել է մոտ 1 տոկոսով: Սա այն մարդն է, որը պետք է կրկնապատկեր ՀՆԱ-ն: Կրկնում եմ, սա այն դեպքում, եթե մենք հավատանք իրենց աճող թվերին: Եթե այս թվերից որեւէ մեկը սխալ է, ձեր թերթով հայտարարում եմ, որ ամբողջ կյանքումս կգովեմ Տիգրան Սարգսյանին:
-Իսկ եթե չենք հավատում:
-Եթե չեք հավատում, 2008-ին՝ 6,8 տոկոս աճ, 2009-ին՝ 32 տոկոս անկում, 2010թ.՝ մեկ տոկոս աճ, 2011թ.՝ 2 տոկոս անկում: Ընդհանուր առմամբ Տ.Սարգսյանի օրոք հանրապետության ՀՆԱ-ն իրականում կրճատվել է 26 տոկոսով: Բացի այդ, Տ.Սարգսյանը հանրապետությունն ընդունել է 21 տոկոս աղքատության պայմաններում, բայց այսօր ունենք 35 տոկոս աղքատություն: Երբ նա ընդունեց կառավարությունը, Հայաստանից տարեկան մեկնում էր 20-22 հազար մարդ: Իսկ անցյալ տարվա նախնական տվյալներով թիվն առնվազն 47 հազար է: Կրկնապատկվել է: Ոմանք խոսում են 100 հազարից:
-Բայց նաեւ թոշակների բարձրացում եղավ Տիգրան Սարգսյանի օրոք:
-Այո՛, նրա օրոք թոշակները բարձրացել են 17 տոկոսով: Բայց քանի որ թոշակառուների համար կարեւորը պարենի գինն է, ասեմ, որ պարենի գինը 4 տարում ավելացել է 39 տոկոսով` էլի պաշտոնապես: Տիգրան Սարգսյանը բյուջեն ընդունել է 2 մլրդ 900 մլն դոլարով` եկամտային մասը, սակայն անցյալ տարվա բյուջեն 2 մլրդ 300 մլն է: Հիմա թող ՀՀԿ-ն պատասխանի սրան:
-Այսքանից հետո ինչո՞ւ է Տիգրան Սարգսյանը մնում վարչապետի պաշտոնում:
-Որովհետեւ Տիգրան Սարգսյանն ինտելեկտուալ առումով ներկայացնում է մի կուսակցություն` ՀՀԿ-ն: Բայց ամենամեծ մեղքն ընդդիմությանն է, քանի որ Սարգսյանի դիմաց ընդդիմություն չկա: Այսպիսի վարչապետը չպետք է անգամ մեկ տարի դիմանար:
-Ի՞նչ պիտի անի ընդդիմությունը, որպեսզի ՀՀ վարչապետը չշարունակի քայքայել մեր երկրի տնտեսությունը:
-Պետք է կարողանա իշխանություն վերցնել: Ասեմ, որ թույլ վարչապետը Սերժ Սարգսյանի երազանքն է: Ունենալով Տիգրան Սարգսյանի նման թույլ վարչապետ` Սերժ Սարգսյանը պահում է, որ իշխանության ներսում հանկարծ խմորում չլինի:
-Պարո՛ն Բագրատյան, ասացիք, որ Տիգրան Սարգսյանն էլ ունի ամբիցիաներ, բայց քանի որ թույլ է, չի կարողանում դրանք դրսեւորել:
-Ոչ ոք լուրջ չի հավատում իր ամբիցիաներին:
-Այդ դեպքում ինչո՞ւ է Ս.Սարգսյանը հենց նրա դեմքով ցանկանում գնալ քարոզչության: Ո՞րն է նրա ուժեղ կողմը:
-Սերժ Սարգսյանն առայժմ իր դիմաց ուժեղ ընդդիմություն չունի: Երբ որ մի անգամ ուժեղ ընդդիմություն կունենա, ենթադրենք այս տարվա մայիսին կամ մյուս տարվա՝ 2013-ին, նոր այն ժամանակ կմտածի վարչապետի մասին: Բայց ինքն է ստեղծել այն վիճակը, որ էսօր հանրապետությունում իմաստ չունի վարչապետ փոխել, որովհետեւ ստիպված ես նախագահ փոխել: Հետո Սերժ Սարգսյանն ամենավատն է հասկանում տնտեսությունից: Նա, լինելով պետական չինովնիկ, ակտիվորեն զբաղվել է բիզնեսով: Եւ իրեն թվացել է, թե բիզնեսը մոնոպոլիաներն են: Եթե նա բիզնեսով զբաղված չլիներ, այս 2-3 տարին հերիք էր` տնտեսագիտությունից որոշ տարրական բաներ հասկանալու եւ կառավարության գործունեությունը վերլուծելու համար: Իմ ասած թվերը պաշտոնական վիճակագրության թվերն են:
-Ասում եք, որ ընդդիմությունը թույլ է, չի կարողանում: Դուք էլ եք ընդդիմության մի մասնիկ, ինչո՞ւ որեւէ քայլ չեք անում:
-Ես չգիտեմ` ես ինչ պիտի անեի: Եւ երբ ես ասում եմ` ընդդիմությունը թույլ է, առաջին հերթին ինձ նկատի ունեմ: Ես, օրինակ, գիտեմ, որ որպես տնտեսագետ` իմ հեղինակությունը շատ բարձր է հասարակության մեջ, բայց ես ի վիճակի չեմ ազդելու: Չնայած կարող եմ ասեմ, որ կառավարության բոլոր վերջին էական փոփոխությունները, այդ թվում` հանքարդյունաբերության փոփոխություն եւ այլն, արվել են Կոնգրեսի կողմից ներկայացված 100 քայլի արդյունքում:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ