11 տարվա ազատազրկում` անչափահասին սուտ խոստումներով թրաֆիքինգի զոհ դարձնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անչափահաս Աստղիկ Գալստանը դարձել է 25-ամյա Ռաֆիկ Մարկոսյանի թրաֆիքինգի զոհը: 

2011 թվականի հուլիսին Ռաֆիկ Մարկոսյանը սիրուհու` Քրիստինե Ներսիսյանի հետ կազմակերպել է  անչափահաս՝ 18 տարին չլրացած Աստղիկ Գալստյանին սեռական շահագործման նպատակով Ռուսաստանի Դաշնության տեղափոխելը: 

Տեղեկացնենք նաև, որ Մարկոսյանն Աստղիկ Գալստյանի հետ ամուսնանալու սուտ հայտարարություններ է արել, բարեկեցիկ ապրելու և ՌԴ Վոլգոգրադ քաղաքում մշտական բնակության սին խոստումներ է տվել, իսկ սիրուհուն ներկայացրել որպես իր մորաքրոջ աղջիկ: 

Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում այսօր դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ հրապարակվեց դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավճիռը, որով ամբաստանյալ Ռ. Մարկոսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով և դատապարտվեց 11 տարվա ազատազրկման: 

Այսպիսով` դատարանը հաստատված համարեց մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,  բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով՝ երեխայի թրաֆիքինգի մեղադրանքը:

Իսկ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, Հայաստանի պետական սահմանը հատելով մեկ այլ անչափահաս աղջկա նկատմամբ թրաֆիքինգի փորձի մասով դատարանն արդարացրեց:

Դատական նիստին ամբաստանյալի պաշտպան Մարինե Թովմասյանն իր պաշտպանական ճառում նշել էր, որ տուժողի կողմից ամբաստանյալի դեմ ցուցմունք տալը իրեն այլ կնոջ հետ փոխած կնոջ խանդի, ինչպես նաև՝ բարեկեցիկ կյանքով ապրելու իր փայփայած երազանքների փլուզման արտահայտությունն է:

Իսկ ամբաստանյալ Ռաֆիկ Մարկոսյանն իր վերջին խոսքում հայտարարել էր. «Ես թրաֆիքինգի հետ կապ չունեմ, խնդրում եմ ինձ արդարացնեք»:

Ավելի ուշ Ռ. Մարկոսյանի պաշտպան Մարինե Թովմասյանն Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք միանշանակ դատավճիռը բողոքարկելու են ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:

«Քանի որ դեռևս մեղադրական դատական ակտը չեմ ստացել, դատարանի պատճառաբանությանը ծանոթ չեմ: Բայց մենք միանշանակ բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան»,- պարզաբանեց պաշտպան Մ. Թովմասյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս