«ՊԼԱՆԻ» ՓՈԽԱՐԵՆ ՄԱՐԴ ԵՆ «ԳՑՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ առավոտյան, ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանը: «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Գեւորգյանին կալանավորել են ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով. վերջինս այդպես լրագրողից վրեժ է լուծում իր դեմ հրապարակումների համար:
Ուշագրավ են ոչ միայն «վրաերթի» մանրամասները, այլեւ դրան հաջորդած իրադարձությունները: Ըստ պաշտոնական հաղորդագրության` իբր Հայկ Գեւորգյանը հունվարի 13-ին վրաերթի է ենթարկել քաղաքացի Աշոտ Ֆրանգուլյանին ու դեպքի վայրից դիմել փախուստի: Ոստիկանությունը պարզել է, որ այդ մեքենան գրանցված է «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի անվամբ, այն վարել է Հայկ Գեւորգյանը: Ոստիկանության քննիչ Ասատուրյանը հունվարի 20-ին Հայկին հրավիրել է հարցաքննության, հեռախոսազրույց ունեցել լրագրողի հետ: Սակայն հակառակ պայմանավորվածության, Հայկը չի ներկայացել ոստիկանություն, ինչից հետո` հունվարի 23-ից, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մինչդեռ, «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում տեղեկացրեց, որ Գեւորգյանը որեւէ մեկին վրաերթի չի ենթարկել, այլ այդ շոուն բեմադրվել է: Ըստ նրա` նույնիսկ մեքենան կոնտակտի մեջ չի մտել այդ մարդու հետ:
Փաշինյանի խոսքերով՝ Հայկ Գեւորգյանին կալանավորելու որոշումը ոստիկանները բացատրել են նրանով, որ դեռեւս հունվարի 23-ից նա գտնվում է հետախուզման մեջ: Մինչդեռ, ըստ Փաշինյանի, Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով` մարդու նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել, եթե նրա գտնվելու վայրը հայտնի չէ, եւ նա խուսափում է քննությունից: Այս դեպքում Հայկ Գեւորգյանը, ինչպես հունվարի 23-ից առաջ, այնպես էլ դրանից հետո, ամենօրյա ռեժիմով շարունակել է իր լրագրողական գործունեությունը, վարել է նույն ավտոմեքենան, ամեն օր այդ մեքենայով ներկայացել է աշխատանքի, վերադարձել տուն, մասնակցել կառավարության նիստերին, լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների, նախարարների ասուլիսներ: Ավելին, բազմիցս «հետախուզվող» մեքենան կայանել կառավարության շենքի մոտ, այդ մեքենայով անցել ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտով, որտեղ եւ գտնվում է «ՀԺ» խմբագրությունը: «Այդ մեքենան 10 օր շրջել է Երեւանում: Եվ Վովա Գասպարյանի ղեկավարած ոստիկանությունը 10 օրվա ընթացքում չի կարողացել ճանապարհներից որեւէ մեկին հայտնաբերի ու արձանագրի այդ մեքենան: Սա Վովա Գասպարյանի գերատեսչության ամենամեծ գնահատականն է: 10 օրվա ընթացքում ինքը չի կարողացել հայտնաբերել մի մարդու, ով ամեն օր թերթում հոդված է տպագրում: Եվ հետո այդ մարդուց մենք ուզում ենք, որ նա հանցագործություն բացահայտի»: Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ իրենք պայքարելու են Գեւորգյանի` անհապաղ ազատ արձակման համար: «Սա ոստիկանապետ Վովա Գասպարյանի «մասկի շոու» հերթական ծրագրի շրջանակներից է, եւ այս որոշում կայացնողն ակնհայտորեն եղել է «դեղի ազդեցության տակ»»,- ասաց Փաշինյանը:
Ի դեպ, երեկ արդեն քաղաքացիներից շատերը կատակում էին, որ եթե նախկինում ոստիկանները մարդկանց բռնելու համար գրպանները «պլան» էին գցում, հիմա անցել են այլ մեթոդի. նրանց մեքենայի տակ մարդ են գցում:

Ա.ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս