Ջավախքում չամուսնացած աղջկան ոտքից գլուխ զարդեր էին հագցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարդը գեղագիտական ճաշակի դրսևորում է: Զարդեր կրում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Եթե ներկայումս մարդիկ դրանք կրում են միայն որպես աքսեսուրար, ապա հին ժամանակներում հաշվի են առել նաև զարդի նշանակությունը:

Armlur.am-ի հետ զրույցում ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին, խոսելով հայկական զարդերի մասին, ասաց, որ նախկինում`մինչև 1920-ականները, հայերը զարդերը կրել են որպես հմայիլ, որպես գեղեցկության, նաև՝ ամուսնացող զույգին միավորող խորհրդանիշ:

Զարդերն անցյալում հայերի համար ունեցել են իրենց պահպանելու, աուրան մաքրելու խորհուրդ: Հին Հայաստանում յուրաքանչյուր հայ կրել է այնպիսի զարդ, որը համապատասխան է եղել իր տարիքին: Այն կարծիքը, թե Հին Հայաստանում չամուսնացած աղջիկն իրավունք չուներ զարդեր կրելու, Լուսիկ Ագուլեցու խոսքով, այդքան էլ այդպես չի եղել: Եղել են շրջաններ, օրինակ, Ջավախքում, որտեղ չամուսնացած`12-13 տարեկան աղջկան ոտքից գլուխ զարդեր են հագցրել:

Այսօր, ըստ Ագուլեցու, հայկական զարդեր կրողների մեծ մասը չգիտի դրանց նշանակությունը. «Ամեն ինչ այսօր դարձել է վերացական: Գաղափարին քիչ է ուշադրություն դարձվում,- մտահոգվում է ազգագրագետը և խորհուրդ տալիս ցանկացած զարդ կրելիս իմանալ նաև նրա նշանակությունը»:

Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համաշխարհային նորաձևության մեջ էթնիկ մշակույթն ունի իր ուրույն տեղը: Նրա խոսքով` հայ հասարակության շրջանում հետաքրքրությունը մեծ է ոչ միայն հայկական զարդերի, այլև՝ այն ամենի նկատմամբ, ինչը հայկական է:

Ինչ վերաբերում է կոնկրետ հայկական զարդերին, ապա դրանց նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծացավ Սիրուշոյի «Պռեգոմեշ» տեսահոլովակից հետո, երբ երգչուհին ստեղծեց նաև «Պռեգոմեշ» զարդերի հավաքածուն: Հետաքրքրությունը այնքան մեծ էր հայկական զարդերի նկատմամբ, որ տարբեր երիտասարդներ հայկական տարազով, զարդերով լուսանկարներ հրապարակեցին: Եթե նախկինում հայկական զարդեր կրում էին Հայաստան այցելած զբոսաշրջիկները, հիմա հայ երիտասարդները ևս կրում են հայկական զարդեր, չնայած դրանց մի փոքր թանկ լինելուն:

Ինչ վերաբերում է զարդերի նշանակությանն ու խորհրդին, Մարիաննա Քաբաբյանը համակարծիք է ազգագրագետի տեսակետին` հայկական զարդեր կրողների մեծ մասը զարդերի խորհուրդը չգիտեն, քանի որ պրոպագանդա չի արվում: Նորաձևության բլոգերը, սակայն, կարծում է, որ շարքային քաղաքացու համար պարտադիր չէ իմանալ հայկական զարդերի խորհուրդն ու նշանակությունը. «Երբ մենք կրում ենք մեքսիկական նախշով որևէ կոշիկ կամ տաբատ, մենք չենք հետաքրքրվում դրա նշանակությամբ, պարզապես կրում ենք այն, քանի որ գեղեցիկ է ու ակտուալ: Նույնը վերաբերում է նաև հայկական զարդերին»:

Սոնա Դավթյան




Լրահոս