ԶԻՆՎՈՐ Է ԶՈՀՎԵԼ
Փետրվարի 2-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում ստացած հրազենային վերքից մահացել է 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը:
ՎՃԻՌՆ` ԱՆՓՈՓՈԽ
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի վերաքննիչ բողոքը` 15 տարվա ազատազրկման վճիռը թողնելով անփոփոխ: Ըստ որոշ տեղեկությունների` Տեր-Պողոսյանն այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է աղիքի ուռուցք, եւ այժմ նա փորձում է հիվանդությունն օգտագործել պատժից խուսափելու համար:
ՍԱՍՈՒՆԻ ՕԳՏԻՆ
Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին «Ժառանգություն»-ը սատարելու է եւ հնարավոր ամեն բան անելու է ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի հաղթանակի համար: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՆՈՐ ՊԵՏ
«Արմենպրես» լրատվական գործակալության նախկին պետ Հրայր Զորյանը նշանակվել է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ:
ՄԱՀԱՑԵԼ Է
Մահացել է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի մայրը` Մանուշակ Բեգլարյանը: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա Արցախում:
ԲՀԿ-ԱԿԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում փոխնախագահ է ընտրվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
ՏՈՒՆԸ ԳՏԵԼ Է
Քաղաքագետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Սուրեն Սուրենյանցն «Առավոտ»-ին հայտնել է, որ դիմում է ներկայացրել «Երկրապահ» կամավորականների միությանն անդամագրվելու համար. «Իմ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ երրորդ հանրապետության ամենաառանցքային պետական գործիչ համարում եմ Վազգեն Սարգսյանին եւ ուզում եմ լինել այն միջավայրում, որը միշտ համարել եմ Սպարապետի տուն»:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ տարածքային գրասենյակների ղեկավարների խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ մեծամասնական համակարգով թեկնածուների առաջադրման հարցերը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` որոշվել է, որ ՀԱԿ-ը մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ կառաջադրի: Այնուամենայնիվ, քննարկման ընթացքում կարծիք է հնչել, որ միեւնույն է, ընդդիմությունից ոչ ոք չի անցնի:
ՀԱՆՈՒՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ
Ռուսաստանի ընդդիմադիր ուժերն այսօր Մոսկվայում կանցկացնեն զանգվածային հանրահավաքներ «Հանուն արդար ընտրությունների» կարգախոսի ներքո: Միեւնույն ժամանակ հանրահավաք են անցկացնելու նաեւ Պուտինի կողմնակիցները` «Մենք կորցնելու բան ունենք» կարգախոսով: