ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով` ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մարտին Սարգսյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Երվանդ Զախարյանը, ով ներկայումս Էներգետիկայի և բնական պաշարների նախարար է:
Մարտին Սարգսյանի կենսագրական տվյալները բավական շատ տեղեկատվություն են պարունակում նրա անցյալի մասին: Նա 1979թ. ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 2003թ.` Երևանի ֆինանսաբանկային և բորսայական համալսարանը: Մասնագիտությամբ մանկավարժ, տնտեսագետ-ֆինանսիստ է:
Նա այն քիչ պետական պաշտոնյաներից է, ով ծառայել է բանակում:
1984-1990թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ Երևանի քաղաքապետարանի և Սովետականի շրջխորհրդի գործադիր կոմիտեներում, 1991-1995թթ. եղել է Շենգավիթի շրջխորհրդի պատգամավոր, 1993-1998թթ.` ՀՀ թեթև արդյունաբերության «Մոդելային կոշիկներ» ֆաբրիկայի գլխավոր տնօրեն, ապա` խորհրդի նախագահ:
1998-2001թթ., 2001-2004թթ. և 2004-2007թթ. ղեկավարել է Շենգավիթ համայնքը: 1999թ. հիմնել է «Շենգավիթ» բարեգործական հիմնադրամը:
2002թ. հիմնադիր ժողովում ընտրվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, 2005 և 2006 թվականներին` վերընտրվել:
Պատգամավորական գործունեությունը սկսել է 1998թ., երբ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվեց թիվ 3 ընտրատարածքից:
2007-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ից՝ համամասնական ընտրակարգով: ՀՀԿ խորհրդի անդամ է: 2012թ. մայիսի 6-ին կրկին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով` Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Ուսումնասիրելով Սարգսյանի պատգամավորական գործունեությունը` տեսնում ենք, որ այս ամբողջ ընթացքում նիստերից բացակայել է 58 անգամ: 278 անգամ կողմ է քվեարկել ներկայացված նախագծերին, 4 անգամ դեմ է եղել և 7 անգամ էլ առհասարակ չի քվեարկել: Ելույթներ չի ունեցել, սակայն հարցերով հանդես է եկել 9 անգամ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված նրա հայտարարագրում ոչ մի տեսակ շարժական կամ անշարժ գույք նշված չէ:
Սարգսյանի դրամական միջոցները 1 տարվա ընթացքում ավելացել են 1 միլիոն դրամով: Հարկային տարվա սկզբում այն կազմել է 6 մլն դրամ, իսկ արդեն տարվա վերջում՝ 7 միլիոն: Սա Սարգսյանի միակ ունեցածն է, իսկ 1 տարվա ընթացքում նրա միակ եկամուտն էլ եղել է աշխատավարձը: