ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի սակագինը սահմանին թանկացել է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ սահմանին թանկացել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը: Սակայն ՀՀ իշխանությունները կրկին գաղտնի են պահել այս հանգամանքը, ինչպես նախկինում, երբ գազի գինը սահմանին 2011թ-ից սկսած թանկացել էր եւ իշխանական «գաղտնապահության» արդյունքում Հայաստանը կուտակել էր 300 մլն դոլարի պարտք:

Հիշեցնենք՝ այդ պարտքը հատուցեց  «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին տալով: Սակայն այս անգամ, ողջ զավեշտն այն է, որ գազը թանկացել է 2013թ. Հայաստանի կառավարության եւ «Գազպրոմ»-ի միջեւ կնքված գազային պայմանագրից հետո: Պայմանագիր, որով ստրկական պայմաններ են թելադրված Հայաստանի իշխանություններին, եւ որի օրինականության հանգամանքները ստուգելու համար դեռ ԱԺ-ում էլ գազային հանձնաժողով է ստեղծվել: Իսկ իշխանությունների գազային փուչիկը պայթեցնողը, ինչպես եւ նախկինում, պաշտոնական տվյալներն են:

ՀՀ մաքսային ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 845 հազար 231 խմ գազ՝ 186 մլն 603.8 հազար դոլար արժողությամբ: Ասել է թե՝ այսօր Հայաստանը սահմանին գազը գնում է 1000 խմ-ն՝ 217-220 դոլար արժեքով: Մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանը ՌԴ-ից գազը պետք է ներկրեր 1000 խմ-ն 189 դոլարով:

Ավելին` ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանը պնդում էր. «…Գազի գինը 5 տարով կապվում է ռուսական ներքին գնային համակարգին, եւ եթե այնտեղ թանկացումներ չլինեն, իսկ դուք տեսել եք Ռուսաստանի կառավարության որոշումը, որ գները չեն թանականալու, մենք 5 տարի ունենալու ենք կայուն գին»: Ահա թե ինչքանով են կայուն ՀՀ նախագահի խոսքերը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:  




Լրահոս