2011 թվականի հունիսի 1-ին բանակ զորակոչված Հայկ Մովսեսի Խաչատրյանը զորամասի բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով դեկտեմբերի 30-ին` գիշերը` ժամը 11:40-ին, մահացել էր ջրծաղիկ հիվանդությունից: Այդ դեպքից որոշ ժամանակ անց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ բժշկական հանձնաժողով ստեղծվեց` պարզելու, թե ինչն է եղել ժամկետային զինծառայողի մահվան պատճառը:
Հիշեցնենք, որ դեռեւս սույն թվականի հունվար ամսվա սկզբին Հայկի հարազատները լրատվամիջոցներին ներկայացրին, թե իրենց զավակի հետ ինչ է պատահել: Հայկ Խաչատրյանի հայրը որդու հետ վերջին խոսակցությունների ժամանակ պարզել էր, որ զորամասում Հայկի` առողջական վիճակից բողոքներին ի պատասխան` վերջինիս մեղադրել էին «սաչոկության» մեջ եւ ստիպել վազել 10 կիլոմետր:
Ժամկետային զինծառայողի տատիկը` Աիդա Ավագյանը, վրդովված պատմել էր, որ իրենց համար շատ հարցեր են անպատասխան մնացել. ո՞վ է պատասխանատու եւս մեկ հայ զինվորի մահվան, եւս մեկ հայ ընտանիքի խեղված ճակատագրի համար, ինչպե՞ս պատահեց, որ 21-րդ դարում ջրծաղիկը դարձավ 18-ամյա զինվորի մահվան պատճառը. բժշկի, հրամանատարի անհոգատարությա՞ն, թե՞ բժշկի անգրագիտության արդյունքում:
Ըստ Աիդա Ավագյանի` Հայկը մեծ ոգեւորությամբ է բանակ գնացել, եւ հենց ինքն էլ իր ծննդյան օրը վերցրել է ծանուցագիրը: Ծառայության վեց ամիսների ընթացքում Հայկն արժանացել է բանակի գերազանցիկի կոչմանը: Որոշ ժամանակ անց Հայկի հայրը տեղեկացել է, որ որդին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ` «դիմային նյարդի բորբոքում» ախտորոշմամբ:
2011 թվականի դեկտեմբերի 28-ին` որդուն հերթական այցելության ժամանակ, նա Հայկին գտել է հիվանդանոցի սենյակներից մեկում լքված: Հարցին, թե նա այդ օրն ինչ-որ բան կերել է, Հայկը պատասխանել է, թե միայն թեյ է խմել, որը նրան տվել է հարեւան զինվորներից մեկը: Դեկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 5-ին Հայկի մոտ որովայնի շրջանում սկսվել են ուժեղ ցավեր, այդ թվում նաեւ էպիլեպսիկ դրսեւորումներ:
Այնուհետեւ, Հայկի տատիկի փոխանցմամբ, բժիշկներն ասել են, որ նրա մոտ կա կույրաղիքի բորբոքում, եւ որ նա պետք է մնա իրենց հսկողության տակ, որպեսզի հարկ եղած ժամանակ ենթարկվի վիրահատության: Նաեւ հարազատներին հարցրել են, թե երեխան արդյոք հիվանդ չէ էպիլեպսիայով: Նշենք, որ Հայկի տատիկն ասել էր, որ այդ ժամանակ արդեն հայտնի է եղել, որ Հայկի մոտ կա նաեւ ջրծաղիկի վարակ: Սակայն զինվորին ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու հոր հորդորները մերժվել են այն պատճառաբանությամբ, որ նախ պետք է լուծել կույրաղիքի խնդիրը, այնուհետեւ զբաղվել ջրծաղիկի բուժմամբ:
Այնուամենայնիվ, հոր շարունակվող հորդորներից, սպառնալիքներից հետո առավոտյան հրավիրված բժշկական խորհրդակցության արդյունքում Հայկը տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ հետազոտությունից հետո պարզվել է, որ նրա մոտ առկա է ջրծաղիկ հիվանդություն` ծայրահեղ բարդացած վիճակով: Բժշկի խոսքով` նրա մոտ արդեն ախտահարված են եղել համարյա բոլոր ներքին օրգանները, այդ թվում նաեւ ուղեղը, եւ Հայկի կյանքը փրկելու հույս գրեթե չի եղել: Այդպիսով պարզ է դարձել զինվորի որովայնի շրջանում ցավերի եւ վերջին օրերի էպիլեպսիկ երեւույթների իրական պատճառը: Բայց, դժբախտաբար, այլեւս ոչինչ անել հնարավոր չի եղել, եւ դեկտեմբերի 30-ի գիշերը` ժամը 11:40-ին, Հայկը մահացել է:
Հավելենք, որ ժամկետային զինծառայողը մահացել է ջրծաղիկի չարորակ ձեւից եւ էնցեֆալիտ տոտալ արնահոսություն ախտանիշով: Նշենք, որ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել էր, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով` անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:
Որոշ ժամանակ հետո հարուցված քրեական գործով որպես կասկածյալ ձերբակալվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանը` ՀՀ քր. օր-ի 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով` անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս:
Զինվորի մահվան «առեղծվածը» բացահայտելու համար ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ բժշկական անկախ հանձնաժողով է ձեւավորվել: Մենք տեղեկացրել էինք, որ հանձնաժողովի ղեկավարը ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Բենիկ Հարությունյանն է, որը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ իրենք իրենց աշխատանքը վերջացրել են եւ հանձնել ՊՆ-ին:
Երեկ փորձեցինք ՊՆ մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանից տեղեկանալ, թե հանձնաժողովն ինչ է բացահայտել: Վերջինս ասաց, որ Հարությունյանն արդեն ներկայացրել է հանձնաժողովի կատարած աշխատանքի եզրակացությունը, սակայն ամբողջական եւ սպառիչ պատասխանի համար պետք են նաեւ դատաբժշկական փորձաքննության եւ նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված փաստերը: Կարապետյանը նշեց, որ ամբողջական, վերջնական եզրակացությունը կլինի մոտ մեկ ամիս հետո: Նշենք, որ «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` այս գործով շուտով կլինեն նոր ձերբակալություններ` մասնավորապես բժշկական անձնակազմից:
ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՈՎ ԷԼԻ ԲԺԻՇԿ ԿՁԵՐԲԱԿԱԼՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ