«Էս 25 տարում սաղ քանդին-ավիրին»․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Շատ մարդիկ, որոնց հետ ես զրուցում եմ  փողոցում, ներկայացնելով կյանքից իրենց դժգոհությունների սովորական «փաթեթը», վերջում ավելացնում են` «թող նրանք (իշխանությունները – Ա.Ա.) մի հատ զավոդ աշխատեցնեն` գնանք աշխատենք: Էս 25 տարում սաղ քանդին-ավիրին»:

Հետաքրքիր է, որ նույն բանն ասում են մեր այն համաքաղաքացիները, որոնք ապրում են գյուղում` չնայած, ըստ տրամաբանության, գյուղի բնակիչները պետք է, որ ձգտեն հող մշակել եւ անասուն պահել: Թե ինչու են մարդիկ ցանկանում աշխատել հատկապես գործարանում՝ ես մինչեւ վերջ չեմ կարող հասկանալ: Հավանաբար, նրանց մոտ պահպանվել են հիշողությունները, թե ինչպես իրենք կամ իրենց ծնողները ամեն օր գնում էին գործարան, եւ այդ աշխատանքի շնորհիվ կարողանում էին ապահովել իրենց քիչ թե շատ արժանապատիվ կյանքը:

Իհարկե, մարդիկ տարբեր ձեւով են հիշում, թե ինչպիսին էր կյանքը 30-40 տարի առաջ: Իմ հիշողոթյան մեջ պահպանվել է այն պատկերը, որ հայաստանցիների մեծամասնությունը, չնայած, ի տարբերություն այսօրվա վիճակի, ուներ աշխատանք եւ ստանում էր նորմալ աշխատավարձ, խոսակցությունների մեջ ներկայացնում էր դժգոհությունների գրեթե նույն «փաթեթը»: Վերջինս համեմվում էր հռետորական-երազկոտ հարցով՝ «բա դու գիտե՞ս ռայկոմի քարտուղարը, ցեխավիկը, պահեստապետը ի՜նշշշ փողեր են առնում»: Եվ, բնականաբար, նման հրաշալի «մասնագիտություններ» էին ցանկանում իրենց երեխաների համար:

Ինչ որակի արտադրանք էին տալիս այդ գործարանները, որտեղ էր այն սպառվում՝ դա, իհարկե,, ոչ մեկին առանձնապես չէր հետաքրքրում: Մարդիկ աշխատում էին, անկախ արտադրանքի որակից եւ սպառումից աշխատավարձ էին ստանում, երբեմն դետալները կամ պատրաստի արտադրանքը տուն էին բերում, երբեմն  թանկարժեք մասերը «ձախ» էին վաճառում: Ահա թե ինչու էր այդքան «հարգի» պահեստապետի մասնագիտությունը»:

Մանրամասնները թերթի այսօրվա համարում։




Լրահոս