ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանի (Շերիֆ)՝մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնելու վերջնաժամկետն անցելէ եւ պատգամավորն իր դիմումը հետ չի վերցրել: Սա նշանակում է, որ Գ. Գրիգորյանն այլ եւս պատգամավոր չէ:
Սակայն, ինչպես պարզվեց՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում Գ. Գրիգորյանին փոխարինելու է ոչ թե ԲՀԿ-ի համամասնական ցուցակի հաջորդ համարում ընդգրկված անձը, այլ նա, ում ցանկացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Այսպիսով` Գ. Գրիգորյանին կփոխարինի ԲՀԿ-ի համամասնական ցուցակի 88-րդ համարի ներկայացուցիչ, Հրազդանի հացի գործարանի տնօրեն Տիգրան Ներսիսյանը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում մինչեւ Տ. Ներսիսյանի հերթը հասնելը շատերը կային: Ըստ ԲՀԿ ցուցակի՝ Գ. Գրիգորյանից հետո ընդգրկված են հետեւյալ անձինք` Արփինե Հայրապետյան, Հարություն Կարապողոսյան, Էդուարդ Սահակյան, Սմբաթ Սիմոնյան, Նազիկ Ավդալյան, Գեղամ Նազարյան, Նապոլեոն Ազիզյան, Ժորա Սահաբալյան, Մարինա Մարգարյան, Ռուստամ Մախմուդյան, ՕվչիԱմոյան, Սմբատ Եղիազարյան, Գրիգոր Առաքելյան, Զարինե Ղազինյան, Աշոտ Ոսկանյան եւ հետո միայն` Տիգրան Ներսիսյան:
Սակայն ԲՀԿ-ում որոշում է կայացվել, որ նշված մարդիկ չեն կարող փոխարինել Գ. Գրիգորյանին եւ միայն Հրազդանի հացի գործարանի տնօրենին դա կհաջողվի:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ՝պարզելու, թե ԲՀԿ-ն ինչ սկզբունքով է որոշում կայացրել հենց Տ. Ներսիսյանին «գործուղել» խորհրդարան:
«Կուսակցությունը նման որոշում է կայացրել օրենքի եւ ներկուսակցական ժողովրդավարության ձեւաչափիպահանջների շրջանակներում: Այն, ինչն իրականացրել ենք, օրենքի տառի պահանջի շրջանակներում է, իսկ մնացած կարծիքները կամ մեկնաբանությունները խիստ սուբյեկտիվ են»,-նշեց ԲՀԿ մամլո խոսնակը:
«Ժողովուրդ» ըզրուցել է նաեւ ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ՝ պարզելու, թե ինչու է նա հրաժարվել պատգամավորական մանդատ ստանալու հնարավորությունից:
Ն. Ավդալյանն ասաց, որ ինքն իր մասնագիտական ոլորտում այլ աշխատանքի հրավեր է ստացել, ինչի համար էլ որոշել է հրաժարվել մանդատից: Մեր զրուցակիցը նշեց, որ տեւական ժամանակ է` ինքն այլ աշխատանք է անում ու պատագմավորի գործունեության հետ չէր կարող համատեղել:
Մենք փորձեցինք զրուցել նաեւ Նապոլեոն Ազիզյանի հետ, սակայն վերջին իս հեռախոսին պատասխանեց անծանոթ մեկն ու ասաց, որն աշատ զբաղված է ու չի կարող մեր հարցերին պատասխանել:
Ինչեւէ, անգամ ԲՀԿ պաշտոնական պատասխանից պարզ է դառնում, որ կուսակցությունում միակողմանի որոշում է կայացվել, իսկ վերը նշված մարդիկ ուղղակի ստիպված են եղել դիմում գրել, որպեսզի խորհրդարան գնա ԲՀԿ առաջնորդի ցանկացած անձը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ