ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ` ԲԱՑ ՏԵՔՍՏՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գործ տալու» կամ էլ «գործ սարքելու» մտադրություն չունենք, քանի որ լրագրողի գործառույթը փոքր-ինչ այլ է: Պարզապես ուզում ենք օգնած լինել էթիկայի նորաստեղծ հանձնաժողովին, որը տակավին որոնումների մեջ է ու չի կարողանում որոշել, թե ումից եւ ինչպես սկսել: Ախր, հանձնաժողովի խեղճ անդամները որ կողմ դառնում են` բոլորը ծանոթ ու մտերիմ մարդիկ են, բարձր պաշտոնյաներ, երկրի նախագահից մինչեւ նախարարներ ու մարզպետեր… Եթե շատ էլ ուզենան, չեն կարողանալու մի կարգին գործ անել, մանավանդ որ իրենք էլ այստեղ են եկել պետական կառույցներից եւ հազիվ թե պաշտոնավարման շրջանում բավարարված լինեն պետական կամ քաղաքացիական ծառայողին տրվող ցածր վճարներով:
Ու որպեսզի էթիկայի հանձնաժողովի անդամները շատ չմտածեն կամ էլ որոնումների մեջ չհայտնվեն, բացենք կառավարության կայքէջն ու սկսենք առաջին պատահածից:
Իսկ մեզ առաջինը, ոչ ընտրողաբար, պատահեց Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը` մեր մարզպետերի մեջ ամենականոնավոր ու «բազմապրոֆիլ» կրթություն ստացածը: Մարդը երկար ու ձիգ տարիներ սովորել է. 1981-1986թթ.` Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում, 1992-1996թթ.` Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանում, 2002-2004թթ.` Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում: Նա տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ: 1986-ից էլ սկսած` սովորելուն զուգընթաց աշխատել է` կատարելով Լենինի պատգամը. «Հարկավոր է բանվորի տղից պրոֆեսորներ ձուլել»… Դպրոցն ավարտելուց հետո մի տարի աշխատել է որպես բետոնագործ, իսկ ահա համալսարանի երկրաբանական ֆակուլտետից հետո, չանցնելով պարտադիր զինվորական ծառայություն, աշխատանքի է ընդունվել Վայքի շինարարական իրերի կոմբինատում որպես հանքի պետ: Ադրբեջանցիներով բնակեցված շրջանում լավ է, որ 23 տարեկան հայ երիտասարդին են նշանակել հանքի պետ, որտեղ մի տարի աշխատելուց հետո Բագրատյանն ազատվել ու գնացել է «Սապֆիր» արտադրական միավորում, աշխատել որպես ավագ տնտեսագետ: Այստեղ էլ ընդամենը մի տարի է աշխատել, որովհետեւ սիրտը Երեւան է ուզել: Եկել է Երեւան եւ աշխատանքի անցել կերամիկական կոմբինատում` կատարելով արտադրամասի պետի պարտականությունները: Բարեբախտաբար, այստեղ երկար է մնացել` ամբողջ հինգ տարի, եւ 1993-ին նշանակվել «Հայշինտեխկենտրոն» տրեստի տնօրեն: 1994-ին հեռացել է պաշտոնից եւ երկու տարի զբաղվել անձնական բիզնեսով` արդեն ունենալով այն ֆինանսական միջոցները, որոնք պետք էին նորահայտ գործարարին:
Ընդամենը մեկ տարի` 1996-1997-ին, Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանում դասախոս աշխատելուց հետո այժմ առավել հարստացած Սերգեյ Բագրատյանը հիմնել է «Սերգեյ գրուպ» ՍՊԸ-ն ու դարձել նրա սեփականատերը: Եւ արդեն տասնչորս տարի նա այս ընկերության խորհրդի նախագահն է: Հասկանալի է, որ խորհրդի նախագահ հասկացությունը պայմանական է, ըստ էության` նա սեփականատերն է, բայց դե «խորհրդի նախագահ» արտահայտությունը թույլ է տալիս մանեւրելու, ասելու, որ ինքը բիզնեսով չի զբաղվում… 2002-2004 թվականներին էլ Բագրատյանը եղել է «Քիմռեակտիվ» ԲԲԸ կառավարիչ: Երկու անգամ փորձել է պատգամավոր դառնալ, բայց դա նրան չի հաջողվել, ուստի «ախպերություն» անելով Գագիկ Ծառուկյանի հետ` 2007-ին ԲՀԿ համամասնականով եկել է խորհրդարան ու այդպիսով առավել ամրապնդել իր դիրքերը գործարարության դաշտում:
  2010 թվականին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ: Այսինքն` սովորական «կոոպերատիվշչիկը» դարձել է մարզի ղեկավար: Սա մեր երկրի պատմության մեջ ամենաարտառոց փաստն է, երբ բիզնեսի դաշտից միանգամից տեղափոխվում են պետական կառավարման համակարգ: Սակայն ոչ ոք այս մասին չբարձրաձայնեց, որովհետեւ այս նշանակումը եղել էր ամենազոր Գագիկ Ծառուկյանի կամքով ու որոշմամբ: Իհարկե, նշանակվելով մարզպետ` Սերգեյ Բագրատյանն ընդամենը դարձավ «անգլիական թագուհի», որովհետեւ նրա տեղակալներն ու համայնքապետերը հանրապետականներ են,  ինքն  էլ ամբողջապես կախված է նրանցից, ուստի գրեթե մոռացած մարզպետական խնդիրները` օրուգիշեր մտահոգված է սեփական բիզնեսի բարգավաճմամբ: Նրան այս մարզում շատ են խանգարում տեղական համարվող օլիգարխները, որոնք մարզն ամբողջապես առել են իրենց տիրապետության տակ` թույլ չտալով Բագրատյանին ինքնուրույն քայլեր անել: Մարզպետի ահուսարսափը «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանն է, ում թելադրանքով են շատերն առաջնորդվում մարզում:
Սերգեյ Բագրատյանին, իհարկե, այնքան էլ չի մտահոգում իր այս կարգավիճակը, քանի որ նրա ուշադրությունը, ինչպես արդեն նշեցինք, սեւեռված է սեփական եկամուտների բազմապատկմանը: Այսպես, նա 2010 թվականին ամենաշատ եկամուտներ ստացած մարզպետերից մեկն է` 10 միլիոն 644 հազար 164 դրամ: Իհարկե, սրանք հեղուկ վառելիքի եւ սննդի առեւտրով զբաղվող Բագրատյանի իրական եկամուտները չեն, քանի որ ծիծաղելի կլիներ մտածել, թե այսչափ քիչ եկամուտների համար նա բիզնեսով կզբաղվեր. պարզապես նրա բիզնեսի մի զգալի մասը ստվերում է:  Ուշագրավ մի փաստ էլ մարզպետի «կյանքից». 2008 թվականին երկու ընկերություն, այդ թվում նաեւ «Սերգեյ գրուպ»-ը, կամեցել են Վայոց Ձորի մարզում փոքր հէկ-եր կառուցել, սակայն այն ժամանակվա մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը դեմ է եղել: Բայց ահա արդեն Բագրատյանը, հայտնվելով մարզպետի աթոռին,  աջակցել է «ՎՏՎ էներջի» եւ «ԱլՌուբ» ընկերություններին սկսել հէկ-երի շինարարությունը: Սա բավական հետաքրքիր պատմություն է, որին արժե, որ համապատասխան մարմիններն ուշադրություն դարձնեն:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս