ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ մայրաքաղաքում կամ Արարատյան դաշտավայրի հարակից բնակավայրերում պատրաստ չլինեն ձյան առատ տեղումներին եւ հանկարծակիի գան, ինչ-որ տեղ  կարող է հասկանալի լինել, բայց  Շիրակի մարզում, որտեղ  գրեթե մշտապես առատ տեղումներ են, դժվարըմբռնելի է համապատասխան կառույցների անպատրաստ լինելը:
Առատ տեղումների պատճառով  Շիրակի մարզի համայնքային նշանակության մի շարք ճանապարհներ փակ են: Գյումրի-Մարմաշեն-Վահրամաբերդ տանող ճանապարհահատվածում  փետրվարի 1-ից մնացել են ավելի քան 20 մեքենաներ, եւ որքան էլ համապատասխան կառույցներին ահազանգեցինք, որ մարդիկ ժամեր շարունակ մեքենաներում են կամ ստիպված ոտքով են շարունակում ճանապարհը` ավտոմեքենան թողնելով մայրուղում կանգնած,  միեւնույն է, նշված հատվածն ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ չդարձավ անցանելի: Թեեւ մարզի փրկարարական վարչությունից եւ Շիրակի մարզպետարանի համապատասխան բաժնից պարբերաբար հայտնում էին, որ տեղում մաքրման աշխատանքներ են իրականացնում, ձյուն մաքրող մեքենայի հանդիպեցինք Մարմաշենում, բայց ոչ թե իր գործն անելիս, այլ խափանված վիճակում: Մայրուղու այդ հատվածում կանգնած քաղաքացիների հավաստմամբ` ձնաբուքը խանգարել է իրականացնել մաքրման աշխատանքները, եւ տեխնիկան հայտնվել է ճանապարհի երթեւեկելի մասից դուրս: Նույն իրավիճակն էր Գյումրի-Աշոցք-Ամասիա, ինչպես նաեւ Գյումրի-Ջաջուռ տանող ճանապարհահատվածներում: Փետրվարի 2-ին` ժամը 20-ի սահմաններում, արդեն տեղեկություններ տարածվեցին, որ  թեեւ ամբողջ օրն իրականացվել են ճանապարհների մաքրման աշխատանքներ, սակայն բոլոր ուղղությունները փակվել են, բացառությամբ Գյումրի-Երեւան եւ Գյումրի-Բավրա հատվածի: Կատարվածը բացատրում են նրանով, որ սաստիկ քամու պատճառով ձյուն մաքրող տեխնիկան չի կարող սպասարկել, եւ խորհուրդ են տալիս ճանապարհ դուրս չգալ:
Գյումրու ավտոկայարանից տեղեկացանք, որ Գյումրուց Երեւան առաջին միկրոավտոբուսն այսօր մեկնել է մեկ ժամ ուշացումով: Էջմիածնից Գյումրի եւս առաջին միկրոավտոբուսը ժամանել է մեկ ժամ ուշացումով, իսկ Վանաձոր-Գյումրի ուղղությունը սպասարկող միկրոավտոբուսն օրվա ընթացքում այդպես էլ չի ժամանել ավտոկայարան:
Այն, որ տեղումներ են, հասկանալի է, բայց դա չի նշանակում, որ մարզի գրեթե բոլոր ուղղությունները պետք է փակվեն, իսկ ձյուն մաքրող մեքենաներն էլ` խափանվեն: Մեր այն հարցին, թե արդյոք ֆինանսական խնդիրներն են ստեղծված կաթվածահար իրավիճակի պատճառը, Շիրակի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության վարչությունից պատասխանեցին,  որ նման խնդիր չկա, քանի որ պետական բյուջեից ամառային եւ ձմեռային աշխատանքների իրականացման համար հատկացվել է 105 միլիոն դրամ գումար:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս