Երեւանի Արամի փողոցի բնակիչները, որոնք իրենց սեփականությունից զրկվեցին պետության կարիքների համար, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կանգնած են երկրորդ անգամ տնազրկվելու վտանգի առաջ: Խոսքը «Հերմեկ» եւ «Գապբնակշին» ընկերությունների մասին է, որոնք այս փողոցում գործունեություն են ծավալել պետության լիազորությամբ եւ հովանավորությամբ, քանի որ այս ընկերություններն անշարժ գույքը քաղաքացիներից վերցրել են պետության անունից` ՀՀ կառավարության կողմից տրված համապատասխան լիազորության հիման վրա:
Ասվածից պարզ է, որ պետությունը պետք է հետեւեր իր կողմից լիազորված ընկերությունների գործունեությանը, քանի որ իրացման գոտի հայտարարված տարածքի բնակիչների նկատմամբ պետությունն է պատասխանատու, հակառակ դեպքում դժվար թե այդ տարածքի բնակիչները կամավոր իրենց տները հանձնեին այդ ընկերություններին եւ այսօր կանգնեին երկրորդ անգամ տնանկ լինելու փաստի առաջ: Ո՞րն է այդ ընկերությունների կործանման պատճառը: Չէ՞ որ այդ ընկերություններն իրենց գործունեությունը ծավալեցին ամենաբարենպաստ ժամանակ, երբ անշարժ գույքի գներն աննախադեպ բարձր էին, իսկ պետական մեքենայի օգնությամբ բնակիչներին իրենց տներից հանում էին չնչին գումարներով: Կարծես թե շատ հաջող բիզնես ծրագրեր էին, եւ նույնիսկ ճգնաժամի պայմաններում պետք է որ եկամտաբերությունը նորմալ լիներ կամ գոնե վնասաբեր չլիներ:
Բայց արի ու տես, որ ճիշտ է ասում ՀՀ դատախազության հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը, որ կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսության հաջողության գրավականն է:
Շինարարության ոլորտը տնտեսության այն բնագավառներից է, ուր չես կարող մուտք գործել առանց կոռուպցիոն երեւույթների հանդիպելու եւ որտեղ ստվերային շրջանառությունը շոշափելի մեծություն է կազմում, իսկ հարկային ծառայությունը եւ քաղաքաշինությանն առնչվող պետական մարմինները հաճույքով են «ոչ պայմանագրային» հարաբերությունների մեջ մտնում շինարարության «գեներալների» հետ` ստանալով իրենց «ոչ պայմանագրային» հասույթները: Արդյունքն աչքներիս առաջ է:
Բանը հասել է նրան, որ «Գապբնակշին» ընկերության հիմնադիրներից Գագիկ Պապոյանի գործընկեր Սիմոն Աղազարյանը, որն իրավապահ մարմինների կողմից հետապնդվում էր ֆինանսական մեքենայությունների համար, լրագրողներին ոգեւորված բացատրում էր, թե ինչու է հարցին միջամտում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը: Տպավորությունն այնպիսին է, որ ինչ-որ բան են կորցրել եւ հույս ունեն գտնել վերահսկողական ծառայության միջոցով:
Առողջ տրամաբանությունը հուշում է, որ այս ընկերությունները դարձել են կա՛մ կոռուպցիայի, կա՛մ ընկերությունների ֆինանսական միջոցները տնօրինողների կողմից ֆինանսների յուրացման, այլ կերպ ասած` տարրական գողության զոհ: Իրական է նաեւ «տոկոսի տակ» մնալու տարբերակը, ինչպես եղավ «Նորաշեն» կոոպերատիվի դեպքում:
Հետեւաբար այս իրավիճակում, եթե պետությունը մտածում է ինչ-որ բան անել ժողովրդի համար, ապա հարցին պետք է միջամտի ոչ թե ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, այլ հատուկ քննչական ծառայությունը կամ քրեական հետապնդում իրականացնող որեւէ այլ մարմին:
Միջամտության արդյունքում պետք է պարզվի, թե ինչպես եւ ում կողմից են ֆինանսավորվել այդ ընկերությունները, ինչպես են ծախսվել ընկերությունների կանխիկ եւ ոչ կանխիկ դրամական միջոցները, ովքեր են վճարել բնակարանների համար եւ ովքեր են իրականում բնակարաններ ստացել, արդյոք այդ բնակարան ստացած անձինք իրականում այդ բնակարանների սեփականատերերն են, թե քողարկում են օլիգարխների` տոկոսով տված փողի դիմաց բնակարանների առգրավումները եւ պաշտոնատար անձանց, այդ թվում իրավապահ մարմինների ու դատավորների մատուցած ծառայությունների դիմաց բնակարանների իրականում անհատույց փոխանցումները: Պետք է պարզվի թե ինչպես է ստացվում, որ դեռեւս սեփականության իրավունքի պետական գրանցում չունեցող «Հերմեկ»-ի շենքում ինչ-որ գեներալ տոկոսով տված փողի դիմաց սեփականության իրավունք է ձեռք բերում շենքի ամենաթանկ մասի` գրասենյակային հսկայական տարածքի նկատմամբ եւ կարողանում ստանալ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, այն դեպքում, երբ շենքում բնակարանների սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ այլ անձանց չեն տրվում:
Բացե՛ք DataLex.am ինտերնետային կայքը եւ կտեսնեք, թե ինչ ծիծաղելի պատճառաբանությամբ է վերադաս դատական ատյանը բեկանում ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով շինծու էր ճանաչվել «Հերմեկ»-ի եւ գեներալի գործարքը, համարելով, որ իրականում կազմակերպությանը տոկոսով փող է տվել եւ ոչ թե անշարժ գույք գնել` վճարելով դրա իրական շուկայական արժեքը: Իսկ Հայաստանի բարձրագույն դատական ատյան համարվող Վճռաբեկ դատարանը, ինչպես միշտ, «շառից» հեռու տարբերակով վերադարձրեց ներկայացված վճռաբեկ բողոքը: Իմիջիայլոց, չար լեզուներն ասում են, որ այդ ծիծաղելի պատճառաբանությունները հենց Վճռաբեկում են ծնվել:
Իսկ միգուցե այդ հարցերին չպատասխանելու համա՞ր է հարցին միջամտում նախագահի վերահսկողական ծառայությունը: Մեկը լինի` վերահսկողականին վերահսկի: Թե չէ իրոք անհասկանալի է Գ.Պապոյանի գործընկեր եւ այս խառնաշփոթի հեղինակներից Ս.Աղազարյանի ուրախությունը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության եւ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանի կողմից այս հարցին խառնվելու առիթով: Իրոք անհասկանալի է:
Չնայած հատուկ քննչական ծառայությունից էլ առանձնապես հույսեր չկան. նրանք էլ գեղեցիկ հաշվետվություններ կազմելու մեջ են վարպետանում, բացի այդ, չպետք է մոռանալ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում դերակատարում են ունենալու այս ընկերությունների սննկացման մեղավոր օլիգարխներն ու այլ պաշտոնատար անձինք:
Բայց եւ այնպես, այս հարցը «վերահսկողներն» ու սնանկության գործընթացները կառավարողները (խոսքը դատարանների մասին չէ, նրանք կառավարվում են եւ այս գործընթացում ընդամենը գործավարություն իրականացնող են), անկախ ամեն ինչից, պետք է հաշվի առնեն, որ խաբված մարդիկ չարանում են, իսկ չարացած մարդիկ լավ ընտրություն չեն անում: Ի դեպ, վերադասին խաբելն էլ է լուրջ մեղք համարվում եւ վերադասի կողմից արձագանքը դաժան է լինում` անկախ առաջիկա ընտրություններից:
Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ