«Ժողովուրդ»-ին զանգահարած Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, ասաց, որ ակնաղբյուրցիները վրդովված են համագյուղացի Փայլակ Շահնազարյանի զոհվելու կապակցությամբ եւ մտադիր են ձախողել գարնանը կայանալիք առաջիկա զորակոչը, որ ոչ մի ակնաղբյուրցի չմեկնի ծառայության: Նա դժգոհեց, թե ինչու երկրորդ կարգի հաշմանդամ հոր զավակ Փայլակ Շահնազարյանին, ով տան միակ կերակրողն էր, ծառայության են ուղարկել Ղարաբաղ: Նաեւ հայտնեց, որ Փայլակի զորամասում մեկ այլ ակնաղբյուրցի երիտասարդ կա, ով ներկայումս դժվար վիճակում է՝ պատժախցում: Ակնաղբյուրի գյուղապետ Կարեն Դոլմազյանը մեզ հետ զրույցում հերքեց, թե համագյուղացիները որոշել են բոյկոտել գարնանային զորակոչը: Նաեւ հաստատեց, որ Փայլակի զորամասում ակնաղբյուրցի երիտասարդ է ծառայում, սակայն տեղյակ չէր` այդ երիտասարդը հիմա պատժախցում է, թե ոչ: Դոլմազյանի խոսքերով` ակնաղբյուրցի զինվորը հիմա Ստեփանակերտում է, եւ ծնողները վերջերս այցելել են նրան:
Տավուշ