Ներքաղաքական զարգացումներ հիմա Հայաստանում չկան, կան միայն արտաքին զարգացումներ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, հավելելով, որ դա իրեն գոհացնում է:
«Ես, երբ մի քանի տարի առաջ առաջարկում էի գնալ և ԵՏՄ-ի հիմնադիր լինել, որ այսօր նազարբաևները չխոսեին նման կերպ, մեր իշխանությունները դեգերում էին Եվրոպայում: Մենք մնում ենք Մաքսային միության մեծ ջատագովը` չնայած բոլոր այն փորձերին և խլրտումներին, որոնք կատարվում են Հայաստանում»,- ասաց Արամ Կարապետյանը՝ հավելելով, որ Հայաստանը ՄՄ է մտնում հասուն և հստակ քայլերով:
«Ես հասկանում եմ Նազարբաևի փոխհարաբերություններն Ալիևի հետ: Քաղաքականապես հիմարություն էր Ալիևի արածը, որովհետև իր մեջ քննարկման նյութ չէր պարունակում: Սերժ Սարգսյանի ասածը ճիշտ էր: Ո՞վ է ասել, որ մենք Լեռնային Ղարաբաղի հետ միասին էինք անդամակցելու: Օրենսդրորեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մեջ չի մտնում: Նազարբաևն էլ, եթե հասկանար նամակի իսկական էությունը, չէր կարդա այդ նամակը:
Սերժ Սարգսյանը պիտի հելներ ծեծե՞ր Նազարբաևին»,- հավելեց Կարապետյանը:
Բանախոսը նշեց, որ իր համար ամենակարևորը Վլադիմիր Պուտինի պահվածքն էր Աստանայում նիստի ժամանակ:
«Նա կարող էր թույլ չտալ, որ այդ սկանդալը տեղի ունենար: Բայց դրանով նա ադրբեջանցիների գլուխը շոյեց»,- ասաց Կարապետյանը: