ՀՀ կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը խնդրեց կառավարությանը հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 5 փոփոխության կնքման առաջարկությանը:
Նախարարի զեկուցմամբ՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման Գործակալության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանը օժանդակության տրամադրման նպատակով 2010թ. օգոստոսի 6-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ կնքված օժանդակության մասին» համաձայնագիրը, որը, հետագայում տարբեր փոփոխությունների է ենթարկվել:
Ներկայումս ԱՄՆ-ի կողմից ստացվել է Համաձայնագրի Փոփոխություն թիվ 5-ի նախագիծը, որը նախատեսում է լրացուցիչ 1 401 831 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որի դեպքում հատկացումների ընդհանուր գումարը կազմում է 26,991,577.45 ԱՄՆ դոլար:
Փոփոխություն 5-ի նախագծով նախատեսվում է, որ մինչև ԱՄՆ ՄԶԳ կողմից միջոցների հատկացումը, ՀՀ կառավարությունը 2014 թվականի հունվարի 1-ից հետո պետք է վերանայի ՀՀ-ում Երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թթ. Ռազմավարական ծրագիրը և Գործողությունների ծրագիրը` իրականացնելու երեխայի խնամքի և պաշտպանության ոլորտի համապատասխան բարեփոխումներ` ապահովելով ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների կատարումը: Գործադիրը հավանություն տվեց առաջարկին: