ՌԴ-ն զենք վաճառելու է Ադրբեջանին, բայց դա չի անելու Հայաստանի հաշվին,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նրա խոսքով` ՌԴ-ն Ադրբեջանին Ղարաբաղի խնդրի հետ կապված ունի առաջարկելու բաներ: «Մեր կարևոր խնդիրն է հիմա ՌԴ և Արևմուտքի միջև Ուկրաինայի նման չօգտագործվելը»,- նշեց նա:
Այն հարցին, թե ինչու են միշտ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին լուրերը տարածվում կարևոր հանդիպումներից առաջ, Կարապետյանը պատասխանեց. «Ես համաձայն եմ ԼՂՀ և ՀՀ ՊՆ նախարարների հետ, որ հետո Ադրբեջանին վաճառված այդ զենքը մեզ է մնալու»:
Ըստ Արամ Կարապետյանի՝ Հայաստանն այսօր ունի միայն «ներքին ախպերության» խնդիր. «Մի վարչապետը, որը ֆինանսիստ էր, տնտեսությունից ոչինչ չէր հասկանում, գնաց, եկավ մի մարդ, որի ամեն ինչը PR է», – նշեց նա:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նա նշեց, որ պետք է Քոչարյանի կողմնակիցներին թողել:
«Ամեն օր 2008 թիվը հիշելով ման կգան՝ էս արեցինք, էս եղավ, բայց Ռոբերտ Քոչարյանի կառավարումը վերջացել էր 10 մարդու գնդակահարմամբ: Հիմա գնդակահարվողը գնդակահարողի հետ միասին ասում են, թե այդ տարիները լավ են եղել: Բա որ լավ էին, ինչի՞ եղավ, հո գիժ չէ՞ր էս ժողովուրդը: 2008 թիվը որ նայում ենք, ի՞նչ էր, շինարարություն չէ՞ր: Վիճակը փոխվել է, աշխարհում ճգնաժամ է սկսվել, մարդկային ռեսուրսը Հայաստանում պակասել է, սակագնային քաղաքականությունը փոխվել է: Մեկը չի՞ ասում՝ այ Ռոբերտ Քոչարյան ջա՛ն, դու է՛ս օրվա մասին խոսիր: Կարո՞ղ է, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի օրոք ընդդիմադիր է եղել», – հավելեց նա: