ՀՀ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր, կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների այն հարցին` ինչու է Միկոյանի արձանը տեղադրվելու Երևանում, եթե կա դժգոհություն հասարակության շրջանում, ասաց, որ ինքը հարգում է Երևանի ավագանու որոշումը, որն իր համաձայնությունն է տվել Միկոյանի կիսանդրու տեղադրման հարցին:
«Մինչ արձանի տեղադրումը հարցը պետք է այլ հանձնաժողովներում ևս քննարկվի»,- տեղեկացրեց քաղաքապետը:
Armlur.am-ի հարցին` արդյոք Տարոն Մարգարյանի հայրը` Անդրանիկ Մարգարյանը, ով իր ամբողջ կյանքում պայքարել է Հայաստանի անկախության համար, կցանկանար մայրաքաղաքում տեսնել Միկոյանի կիսանդրին, քաղաքապետն այսպես պատասխանեց. «Ես նորից եմ կրկնում՝ հարգում եմ ավագանու որոշումը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կասեր Անդրանիկ Մարգարյանը, չեմ կարող այդ հարցին պատասխանել: Եթե այն ժամանակ (նկատի ունի Անդրանիկ Մարգարյանի օրոք-խմբ.) հարցը քննարկվեր, ինքն այդ հարցին կպատասխաներ»:
Ինչ վերաբերում է հասարակության դժգոհությանը, Տարոն Մարգարյանն ասաց, որ հասարակությանը դժգոհելուն դրդում են որոշ ուժեր: «Սա այն հարցը չէ, որը պետք է դրվի հասարակության քննարկման: Եթե դուրս գանք և քաղաքացիներին Միկոյանի կիսանդրին տեղադրելու խնդրի առնչությամբ հարց ուղղենք, կտեսնենք, որ դա նրանց չի հետաքրքրում»,- եզրափակեց Տարոն Մարգարյանը: