ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց` ինչու կառավարությունը մերժեց ՕԵԿ պատգամավորների առաջարկը:
Հիշեցնենք, որ պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը ներկայացրել էին օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ առաջարկում էին «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը: Սակայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարծում է, որ ներկայացված նախագիծը թերի է, այն համակարգային առումով չի ապահովում իրավական անվտանգությունը և ընդունելի չէ:
Նախարարի պարզաբանմամբ առաջարկը մերժվեց, քանի որ խնդրի լուծման համար որևէ կարգավորում չէր առաջարկվում: «Պետք է ամբողջական փաթեթ ներկայացվեր»,- մանրամասնեց նախարարը:
Ինչ վերաբերում է մանկավարժների այն բողոքին, թե նրանք վախենում են գործատուներին դիմումներ գրել իրենց աշխատավարձից պահումներ չանելու համար, քանի որ դիմումների հետ մեկտեղ պահանջում են նաև աշխատանքից ազատման դիմումներ, Արտեմ Ասատրյանի խոսքով` վախենալու հարց չկա: «Կա օրենք, և յուրաքանչյուր ոք, օրենքի համաձայն, պետք է իրացնի իր իրավունքները: Եթե մենք կոնկրետ տեղեկատվություն ունենանք, կոնկրետ կզբաղվենք դրանով»,- եզրափակեց Արտեմ Ասատրյանը: