Նախագահի պաշտոնում Պյոտր Պորոշենկոյի ընտրությունը Ուկրաինայի ներկայիս իրավիճակում «խոհեմ որոշում» էր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պորոշենկոյի հետ Վարշավայում կայացած հանդիպումից հետո:
Նրա խոսքով, Վարշավայում կայացած հանդիպմանը քննարկվել են ուկրաինական ուժայինների և զինծառայողների պատրաստմանը Վաշինգտոնի հնարավոր մասնակցության հարցը, Ուկրաինայում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ միջոցները, տնտեսության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ռուսաստանյան գազի մատակարարումից Կիևի կախվածության նվազեցման հարցը:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Բրուսելում նախատեսված «յոթնյակի» հանդիպումը կարևոր դեր է խաղալու Ուկրաինայի նորընտիր նախագահին միջազգային հանրության կողմից աջակցության ցուցադրման հարցում: Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի կարծիքով, Ուկրաինան «կարող է դառնալ կենսունակ, ծաղկուն ժողովրդավարական պետություն, եթե նրան աջակցի ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը»: