ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ Մոսկվայում հանդիպեց ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային։
Կողմերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր երկրի առողջապահական համակարգը, իրականացվող ծրագրերը։ Նշվեց, որ արդեն իսկ առկա է երկկողմ արդյունավետ համագործակցության փորձ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում։ Բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կարևորվեց համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը։
Նախարարները քննարկեցին մի շարք ուղղություններով միասնական իրավական դաշտում աշխատելու նպատակահարմարությունը։ Ընդգծվեց հատկապես տեղեկատվական, իմունականխարգելման աշխատանքների ընդհանուր դաշտ ունենալու, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդությունների դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը:
Ընդառաջելով հայկական կողմի խնդրանքին, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը հավաստիացրեց, որ ջանքեր կգործադրի շտապօգնության մեքենաների տրամադրման, ինչպես նաև տեխնիկական աջակցության ուղղությամբ:
ՀՀ առողջապահության նախարարն առաջարկեց աշնանը Երևանում կազմակերպել Հայ-ռուսական առողջապահական ֆորում, որին մասնակցելու համար պաշտոնապես հրավիրեց Վերոնիկա Սկվորցովային։ Կողմերը քննարկեցին նաև բժշկական շարունակական կրթության զարգացման, հիվանդների փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ առողջապահության նախարարություն