ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱԺ-ում ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ երեկ ուշագրավ փաստեր բացահայտվեցին: Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը 2013թ. ընթացքում տվել է 90 ասուլիս ու 200-ից ավելի հարցազրույց: Այս թվերը բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Ինչպես հայտնի է՝ տարին ունի 365 օր, ու եթե համադրենք այս թվերը, ստացվում է՝ Ս.Սարգսյանն առնվազն 4-5 օրը մեկ ասուլիս է տվել, 2 օրը մեկ էլ՝ հարցազրույց, այն էլ՝ առանց հանգստյան օրերի: Սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե երբ է Սերժ Սարգսյանը տվել այդ ասուլիսներն ու հարցազրույցները, քանի որ, եթե անգամ հաշվենք նախընտրական բոլոր հանդիպումները, նախարարություններ կատարած այցերի ժամանակ գերատեսչությունների աշխատակազմի անդամների հարցերին պատասխանելը, որոնք մեծ վերապահումով անգամ, եթե որպես հարցազրույց կամ ասուլիս հաշվենք, այնուամենայնիվ, Վիգեն Սարգսյանի հրապարակած թվերին չենք մոտենում: Ընդհակառակը, «Ժողովուրդ»-ը նախագահականի պաշտոնական կայքն ուսումնասիրելիս պարզեց՝ Ս.Սարգսյանը նախորդ տարվա ընթացքում ընդամենը 6 ասուլիս է անցկացրել: Փաստորեն, ստացվում է միմյանց հակասող երկու պաշտոնական տեղեկատվություն. մի կողմից` Վիգեն Սարգսյանի հայտարարությունները, մյուս կողմից` նախագահի պաշտոնական կայքի տվյալները: Այս իրավիճակում առաջանում է մեկ բնական հարց. ո՞ւմ տվյալներն են առավել ազնիվ:
«Հրաշալի քառյակ»-ը երեկ խորհրդարանում կրկին հանդիպել էր, որի ժամանակ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բուռն քննարկում է տեղի ունեցել. ԱԺ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներն առաջարկել են ավելի կտրուկ լինել, սկսել հանրահավաքներ անցկացնել: Սակայն ԱԺ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները չեն համաձայնել՝ ասելով, որ պետք է սպասել մինչեւ լրանա ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը: Տեղեկացանք նաեւ, որ Քառյակը 10 կոնկրետ պահանջ է մշակել ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար, եւ եթե նորանշանակ կառավարությունը դրանք չիրականացնի, նոր նրանք կքննարկեն կտրուկ քայլերի անցնելու հարցը: Մեր տեղեկություններով՝ այդ 10 պահանջների մեջ են մտնում Կուտակային կենսաթոշակային համակարգից «պարտադիր» բաղադրիչը հանելու խնդիրը, լուծել գյուղացիական վարկերի հարցը, նպաստել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, մայրաքաղաքի փողոցների կարմիր գծերի հարցը եւ այլն:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կոտայքի նորանշանակ մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, անդրադառնալով այն հարցին, թե Կոտայքի նախկին մարզպետից լուրջ դժգոհություններ կային, ինչպե՞ս եք պատրաստվում վերականգնել մարզպետարանի հանդեպ հավատը, ասել է, թե նախկին մարզպետին անդրադառնալը կոռեկտ չի համարում, եւ դրա մասին երբեք չի խոսելու: Փոխարենը պատրաստվում է նվիրումով եւ համբերատարությամբ` շփվելու, աշխատելու, ներկայանալու եւ ցույց տալու այն բոլոր հնարավորությունները, որոնց ինքը տիրապետում է: «Ժողովուրդ»-ի ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ պետք է բնակչությունը հավատա, չէ՞ որ բնապահպանության նախարար աշխատելու տարիներին եւս շատ եք վարկաբեկվել՝ արձագանքեց. «Ես համեստորեն կարող եմ պատասխանել, որ շատ լուրջ եմ տրամադրված. իմ իրավունքի շրջանակներում կատարելու եմ իմ պարտականությունները»:
ՀՀ Վերահսկիչ պալատը 2013թ-ին իրականացված ստուգումների արդյունքում գնումների կազմակերպման գործընթացում բացահայտել էր մի շարք միջնորդավորված գնումների դեպքեր: Դրանց վառ օրինակներից է անտառային վնասատուների եւ հիվանդությունների դեմ ավիացիոն եղանակով քիմիական պայքարի իրականացման նպատակով «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ հետ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կնքած պայմանագիրը: Պարզվում է՝ նշված ընկերությունը չի ունեցել տեխնիկական բնութագրով պահանջվող առնվազն մեկ ինքնաթիռ, դելտապլան կամ ուղղաթիռ, եւ այդ պատճառով էլ վերջինս իր հերթին պահանջված ինքնաթիռի կամ ուղղաթիռի առկայությունն ապահովելու համար պայմանագիր է կնքել մեկ այլ ընկերության` «Արմ Աէրո» ՓԲԸ-ի հետ: ՎՊ ստուգումների արդյունքում պարզվել է, որ եթե Գյուղնախարարությունը տվյալ պայմանագրերը կնքեր ոչ միջնորդավորված, այլ փաստացի ծառայություններ մատուցող կազմակերպության հետ, ապա կտնտեսեր 45 մլն դրամ: