«ՀՐԱՇԱԼԻ ՔԱՌՅԱԿ»-Ը ՀՐԱՇՔՆԵՐ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Հրաշալի քառյակ»-ը հերթական դռնփակ նիստն է արել. այս անգամ հանդիպման վայրը ԱԺ ԲՀԿ խմբակցությունն էր: Շուրջ մեկուկես ժամ տեւած նիստի ընթացքում քննարկվել է, թե որոնք են լինելու Քառյակի հետագա քայլերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` առաջարկ է եղել ավելի ակտիվ գործունեություն սկսել, սակայն ԱԺ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները նշել են, որ անհրաժեշտ է սպասել` մինչեւ կլրանա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը:

Նիստի ավարտից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Քառյակի դռնփակ նիստում քննարկել են 2013թ. բյուջեի կատարողականի քվեարկությանն իրենց միասնական դիրքորոշման հարցը: Քառյակը որոշել է դեմ քվեարկել բյուջեի կատարողականին. «Քանի որ 2013թ. բյուջեի նախագծին մենք դեմ ենք քվեարկել, որոշվել է, որ բյուջեի կատարողականին եւս դեմ ենք քվեարկելու»,-նշել է Ն. Զոհրաբյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղարը հայտարարել է նաեւ, որ հանդիպման ժամանակ հստակեցվել են այն 10 պահանջները, որոնք Քառյակը ներկայացնելու է ՀՀ նորաթուխ կառավարությանը: Չմասնավորեցնելով, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը` Ն. Զոհրաբյանը նշել է միայն, որ այդ 10 կետերն այն հայտնի պահանջներն են, որոնք հետաքրքրում են հանրությանը: Պատգամավորը հայտնել է, որ Քառյակն իր պահանջները կհրապարակի հաջորդ շաբաթ կայանալիք հերթական նիստից հետո:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարի ներկայացմամբ` Քառյակի նիստում քննարկվել է նաեւ համատեղ հանրահավաք անցկացնելու հարցը, եւ ըստ նրա՝ այն մնում է իրենց օրակարգում:
«Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ 1.5 ժամ տեւած նիստում քննարկման հիմնական թեման եղել է ոչ իշխանական 4 ուժերի առավել ակտիվացման հարցը: Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները գտնում են, որ անհրաժեշտ է ավելի ակտիվ քաղաքականություն վարել, հանրահավաքներ անցկացնել ու կրկին իշխանափոխություն պահանջել:
Սակայն ԱԺ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն առաջարկել են այս ժամանակահատվածում կտրուկ չլինել, այլ սպասել մինչեւ նոր ձեւավորված կառավարությունը կսկսի իր լիարժեք գործունեությունը: Նշված ուժերը հայտարարել են, որ պետք է սպասել մինչեւ կլրանա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը, որպեսզի հասկանան, թե նոր ձեւավորված կառավարությունը որքանով է հետամուտ իր տված խոստումներին:
Ինչ վերաբերում է ՀՀ կառավարությանը Քառյակի ներկայացնելիք 10 պահանջներին, ապա «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դրանք հիմնականում հետեւյալն են.
Կուտակային կենսաթոշակային համակարգից «հանել» պարտադիր բաղադրիչը, լուծել գյուղացիական վարկերի հարցը, նպաստել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, տալ ավելի շատ արտոնություններ, վերանայել կարմիր գծերի հարցը եւ այլն: Այսինքն՝ այն հարցերը, որոնք ոչ իշխանական ուժերը մշտապես բարձրացնում են:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս