ԱԺ-ում ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, երեկ ուշագրավ փաստեր բացահայտվեցին:
Բարձրագույն մաթեմատիկա
Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը 2013թ. ընթացքում տվել է 90 ասուլիս ու 200-ից ավելի հարցազրույց. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Ս.Սարգսյանի աշխատանքային ծանր գրաֆիկը ներկայացրեց նրա աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Ինչպես հայտնի է՝ տարին ունի 365 օր, ու եթե համադրենք այս թվերը, ստացվում է, որ Ս.Սարգսյանն առնվազն 4-5 օրը մեկ ասուլիս է տվել, 2 օրը մեկ էլ՝ հարցազրույց, այն էլ՝ առանց հանգստյան օրերի: Միայն թե, այդպես էլ պարզ չդարձավ, թե երբ է Սերժ Սարգսյանը տվել այդ ասուլիսներն ու հարցազրույցները, որտե՞ղ են դրանք հրապարակվել կամ հեռարձակվել, մանավանդ որ այդպես էլ չհիշեցինք, թե երբ է վերջին անգամ Սերժ Սարգսյանը ասուլիս կամ հարցազրույց տվել: Ավելին՝ եթե անգամ հաշվենք նախընտրական բոլոր հանդիպումները, նախարարություններ կատարած այցերի ժամանակ գերատեսչությունների աշխատակազմի անդամների հարցերին պատասխանելը, որոնք մեծ վերապահումով անգամ եթե որպես հարցազրույց կամ ասուլիս հաշվենք, այնուամենայնիվ, Վիգեն Սարգսյանի հրապարակած թվերին չենք մոտենում: Ընդհակառակը, «Ժողովուրդ»-ը նախագահականի պաշտոնական կայքն ուսումնասիրելիս պարզեց՝ Ս.Սարգսյանը նախորդ տարվա ընթացքում ընդամենը 6 ասուլիս է անցկացրել, որից երկու համատեղ ասուլիս` ՌԴ նախագահի հետ, մեկ համատեղ ասուլիս՝ Լեհաստանի, մեկ ասուլիս էլ՝ Բելառուսի նախագահների հետ, գումարած՝ երկու հանդիպում էլ մի խումբ լրագրողների հետ: Երեկ օրվա ողջ ընթացքում նախագահի աշխատակազմից այդպես էլ որեւէ պարզաբանում կամ հերքում չեղավ ներկայացված բյուջետային թվերի ու նախագահի պաշտոնական կայքի հրապարակումների անհամապատասխանության վերաբերյալ: Փաստորեն, ստացվում է՝ միմյանց հակասող երկու պաշտոնական տեղեկատվություն. մի կողմից` Վիգեն Սարգսյանի հայտարարությունները, մյուս կողմից` նախագահի պաշտոնական կայքի տվյալները:
Վոյաժ-վոյաժ
Խորհրդարանի՝ 2013թ. ծախսերը երեկ ներկայացրեց աշխատակազմի առաջին տեղակալ Էրիկ Մինասյանը, իսկ վերջինիս նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը դահլիճում նստած լսում էր: ԱԺ-ի ծախսերի վերաբերյալ հաշվետվության քննարկումների ժամանակ մթնոլորտը թեժացավ, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բարձրացրեց գործուղումների ժամանակ տնտեսումների հարցը: «Մենք միջխորհրդարանական ասամբլեայի հանձնաժողովի նիստին Հայաստանից ներկայացուցիչ չենք ունեցել: Ո՞րն է գործուղումների ծախսերի տրամաբանությունը»,-հայտարարեց նա: Էրիկ Մինասյանը պարզաբանեց. «Քանի որ դժվար է կանխատեսել գործուղումների քանակը, դրա համար կան նաեւ բարդություններ, նաեւ ֆինանսական մասով, նաեւ օրապահիկների եւ ավիատոմսեր գնելու կապակցությամբ: Հաճախ պատգամավորները գործուղումների օրերից դուրս ամսաթվեր են նշում` լրացուցիչ մնալով տվյալ երկրում: Մենք օրապահիկը հաշվարկում ենք միայն բուն գործուղումների օրերի համար, լրացուցիչ օրերի համար օրապահիկ չի տրամադրվում»: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ շտապեց միջամտել. «Ես չեմ հիշում գործուղման մի դեպք, որը խնդրահարույց է եղել: Գործուղումների տնտեսումներից մեր կոլեգաները լուրջ պրոբլեմներ չեն ունեցել»: Ուրիխանյանը չդիմացավ եւ հակադարձեց. «Քանի որ ԱԺ ամենայն հայոց աշխատակազմի ղեկավարն այլ գործի է, ուզում եմ իմանամ, թե ինչո՞ւ է հարգարժան փոխխոսնակը պատասխանում այդ հարցին»: Ի դեպ, նկատենք, որ պատգամավորների գործուղումների թեման վերջերս մշտապես քննարկումների առարկա է եղել, ինչին վերջերս անդրադարձել էր նաեւ «Ժողովուրդ»-ը՝ նշելով, որ պատգամավորներին «բյուջեում փող չկա» պատճառաբանությամբ գործուղումների քիչ են ուղարկում, կամ օրապահիկները փորձում են հնարավորինս քիչ վճարել: Իսկ ՕԵԿ-ի՝ «ընդդիմություն» դառնալուց հետո, երբ ՀՀԿ-ն հայտնվեց քվորում ապահովելու խնդրի առաջ, ընդհանրապես որոշեցին, հատկապես կարեւոր քվեարկությունների օրերին, պատգամավորներին արգելել գործուղման մեկնել, որպեսզի նրանք իրականացնեն «կոճակ սեղմելու» փառավոր առաքելությունը:
Փնտրվում է Տարոն Մարգարյանը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հերթական անգամ չէր մասնակցում բյուջեի կատարողականի քննարկումներին՝ իր փոխարեն ԱԺ ուղարկելով քաղաքապետի տեղակալներից Կամո Արեյանին: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց Մարգարյանի բացակայության հարցը: «Հայաստանում պաշտոնյաները «ռանգերի» են բաժանվում: Տարոն Մարգարյանը հերթական անգամ չի ներկայանում այս նիստին: Եթե իրենք գիտեն, որ այս նիստն ավելի պակաս կարեւոր է, թող ասեն` մենք էլ չգանք: Մենք, կներեք, պակաս զբաղված չենք»: Արեյանը սկսեց արդարացնել շեֆի բացակայությունը՝ ասելով, որ նա նույն ժամին մասնակցում է մեկ այլ միջոցառման՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պետական հանձնաժողովի նիստին: Թեժ բանավեճ եղավ նաեւ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման կապակցությամբ: Արեյանը Ն.Փաշինյանի հարցին ի պատասխան ասաց, թե Երեւանի քաղաքապետարանը գտել է, որ որպես պետական գործիչ՝ Միկոյանի արձանը պիտի կանգնեցվի եւ տվել է իր համաձայնությունը: «Կատինում քսաներկու հազար լեհ սպաների գնդակահարության հետ է կապվում Միկոյանի անունը, ինչպիսին կլինի ձեր արձագանքը, եթե Թալեաթի արձանը դնեն Վարշավայի կենտրոնում»,- հակադարձեց Փաշինյանը:
Հ. Գ. Արադարացիորեն պետք է նշել, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի սուր հարցադրումները եւ ելույթները վերջին շրջանում հանրության մեջ ամենալայն տարածումն են գտել, արժանանալով գովեստի ու հիացմունքի գնահատականների:
«Ժողովուրդ»
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ