ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՂՈՒԿԱՍՅԱՆՆԵՐԻՆ ԵՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանը, նրա հարազատները, ինչպես նաեւ Ղուկասյանների ընտանիքը օրերս հարցաքննվել են Շիրակի մարզի ոստիկանների կողմից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հարցաքննությունը կապված է եղել Հարություն Սարգսյանին ոստիկանությունում ծեծի ենթարկելու հետ: Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը դաժան ծեծի է ենթարկվել Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի եւ Երեւանի ներկայիս ոստիկանապետ, այն ժամանակ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից: Հայտարարության հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, որն ավելի ուշ կարճվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չնայած Հարությունը հայտարարել է, որ ոստիկանությունում են իրեն ծեծի ենթարկվել, այնուամենայնիվ այս օրերին Շիրակի մարզի ոստիկանները որոշել են հարցաքննել Հարություն Սարգսյանի հարազատներին, ինչպես նաեւ Ղուկասյաններին, քանի որ չի բացառվում, որ Հարությունին մինչ ոստիկանություն բերման ենթարկելը, վերջինիս ծեծի ենթարկած լինեն Ղուկասյաննները:

ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՈՒՄ

Երեկ թիվ 47 համարի երթուղայինում մոտ 20-25 տարեկան մի երիտասարդ տղա փորձել է իր ձեռքի տոպրակի տակից մի կնոջ պայուսակից դրամապանակը հանել, ինչը երթուղայինում գտնվողները նկատել են: Սկսվել է մեծ աղմուկ, քաղաքացիներից մեկը բռունցքով հարվածել է տղային, սկսվել է քաշքշուկ, իսկ երթուղայինի վարորդը աղմուկի պատճառով կանգնեցրել է մեքենան եւ մինչ փորձել է հասկանալ, թե ինչ է կատարվում, երիտասարդը դիմել է փախուստի:

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

2013թ. նոյեմբերի 2-ին, Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված 3 զինծառայողների` Դավիթի, Արշակի ու Ռազմիկի գործը ուղարկվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս պատմության մեջ ցավալին այն է, որ զինվորներից Ռազմիկի մայրը քաղցկեղով հիվանդ է եւ ոչ մի կերպ չի կարողանում օգնել իր երեխային.«Հույսս պաշտպանն է, ինչ անեմ, ում դիմեմ»,- ասաց նա «Ժողովուրդ»-ին:

ՍՏՈՒՄ Է` ՉԿԱՐՄՐԵԼՈՎ

Անաստաս Միկոյանի՝ 1,60 սմ-անոց բրոնզաձույլ կիսարձանն արդեն իսկ պատրաստ է: Այն, 168.am-ի փոխանցմամբ՝ արդեն իսկ ձուլված-ավարտված է Երեւանի «Կռազի պարկում»: Միկոյանի արձանի վրա աշխատել են երեք հոգի՝ ձուլող վարպետը, բանվորը եւ տեխնիկական աշխատանքներին հետեւող քանդակագործը: Սակայն տարօրինակ կերպով երեկ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն Ազգային ժողովում հայտարարել է. «Թե արձանը երբ կտեղադրվի` հայտնի չէ, չեմ կարող ասել: Ֆինանսավորման աղբյուրը եւս պարզ չէ, էսքիզային նախագիծ դեռ չկա»: Ահա այսպիսի ճշմարտախոս պաշտոնյաներ ունենք:




Լրահոս