ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՈՄՍԵՐՆ ԱՐԴԵՆ ԿԱՆ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երեւան-Բաթում-Երեւան չվերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերն արդեն հայտնվել են վաճառքում: Ամենօրյա ֆիրմային գնացքի երթեւեկությունը մեկնարկելու է հունիսի 15-ին: Երեւանից գնացքը մեկնելու է ժամը 15:30-ին: Տոմսերը վաճառվում են Երեւանի, Վանաձորի, Գյումրիի եւ Արմավիրի կայարանների տոմսարկղերում: Երեւանից Բաթում ուղեւորության տեւողությունը կազմում է 15 ժամ 50 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 40 րոպե:
Անցած տարվա հետ համեմատ ՀԿԵ-ի գնային քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրել: Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ եւ անվտանգության նորմերին: Հարավկովկասյան երկաթուղու տվյալներով՝ 2008 թվականի հետ համեմատ 2013 թվականին «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղեւորների թիվնն աճել է 532%-ով՝ 8,6 հազարից մինչեւ 46 հազար: Հիշեցնենք, որ ապրիլին ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երեւան-Բաթում-Երեւան միջազգային գնացքին շնորհել է «ֆիրմային» կարգավիճակը եւ «Արմենիա» անվանումը:

ԱԱՀ-Ն ՍԱՀՄԱՆԻ՞Ն, ԹԵ՞ ՎԱՃԱՌՔԻՑ ՀԵՏՈ

Ներկրվող ապրանքների ավելացված արժեքի հարկը ներկայում գանձվում է սահմանին, սակայն կառավարության կողմից նախատեսված է ծրագիր՝ ԱԱՀ-ն գանձելու ապրանքի վաճառքից հետո: Armlur.am-ը տնտեսագետ Հասմիկ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ պետության եւ գործարար հատվածի համար ո՞ր տարբերակն է շահավետ: Տնտեսագետի խոսքով` արտադրողների համար, իհարկե, ցանկալի է` ավելացված արժեքի հարկը գանձվի ապրանքի վաճառքից հետո, պետության համար կարճաժամկետ հատվածում եկամուտներ ստանալու համար եւս նպատակահարմար է ավելացված արժեքի հարկը գանձել հենց սահմանում:
«Բայց երկարաժամկետ առումով պետության համար ցանկալի է ավելացված արժեքի հարկը գանձել ապրանքի իրացումից հետո: Այդ դեպքում տնտեսական ակտիվությունը բարձրանում է, դրան զուգահեռ այլ հարկեր են անցնում պետբյուջե: Իսկ եթե ավելացված արժեքի հարկը գանձվում է սահմանի վրա, ապա մենք գործարարին ասում ենք` շրջանառու միջոցները տուր պետությանը, որը ձեռնարկության գործունեությունը սահմանափակում է. նա ստիպված է իր շրջանառու միջոցից գումար հանել եւ տալ պետությանը: Իսկ երբ գործարարի ձեռքից շրջանառու միջոցը դուրս է գալիս իր ձեռքից, դա վնասում է գործարարի գործունեությանը»,-մանրամասնեց տնտեսագետը: Նրա խոսքով` ապրանքի վաճառքից հետո գանձվելիք ԱԱՀ-ն թե՛ պետության, թե՛ գործարարների համար ձեռնտու է, եթե ամեն ինչ նորմալ ընթանա:




Լրահոս